«Երեխաններն ու ծնողները հաճախ հանդիպում են խնդիրների. դրանք և՛ օրենսդրական բացերի, և՛ իրազեկման պակասի արդյունք են: Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է երեխաների համար կրթության հավասար և արժանապատիվ պայմանների ապահովումը՝ բացառելով որևէ տեսակի մեկուսացում և խտրականություն: Ոլորտում առկա են կարծրատիպեր, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների կրթության վրա»,- նշել է Արման Թաթոյանը:
Խորհրդի հանդիպման օրակարգային հարցերն առավել մանրամասն ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարը և Երեխաների իրավունքների բաժնի ներկայացուցիչները: Այնուհետև յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հարցադրումներ և իրենց դիտարկումներն են ներկայացրել խորհրդի անդամները՝ կիսվելով սեփական փորձով և հարցերի լուծման իրենց մոտեցումներով:
Խորհրդի անդամները ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն համագործակցել ոլորտի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները: Այս նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որին կարելի է դիմել (+374 10) 53-85-77 հեռախոսահամարով կամ 116 թեժ գծի միջոցով:










