ՍՍոնա Աղբալյան

Թուրք-հունական տնտեսական պատերազմը

Թուրք-հունական տնտեսական պատերազմը

Թուրք-հունական խոսքային պատերազմը վերածվել է տնտեսականի՝ գրում է Ամերիկայի ձայնը:

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական կառավարության որոշումից հետո հունական բիզնեսը սկսել է թուրքական ապրանքներն ու ծառայությունները բոյկոտելու արշավ: Հունական առևտրային ընկերությունների ներկայացուցիչները կոչ են անում բոյկոտել թուրքական ապրանքները, որոնց շտրիխ կոդերը սկսվում են 868 և 869 թվերով։ Հունական ոլորտի պատասխանատուներն առևտրականներին հորդորում են դա անել անձնական մակարդակում և  անել անհապաղ, նախքան կլինի պաշտոնական որոշում:

Վասիլիս Կորկիդիս (Հունաստանի առևտրի ազգային համադաշնության նախագահ) - Մենք, իհարկե, Թուրքիայի հետ մեծ առևտրաշրջանառություն ունենք, բայց դա առոչինչ է, երբ կա Թուրքիայից ապօրինի ներգաղթ, երբ մենք հսկայական ռազմական ծախսեր ենք անում թուրքական սադրանքներին դիմակայելու համար: Արևմուտքը բավարար արձագանք չի տալիս Թուրքիայի գործողություններին: Ժամանակն է, որ Թուրքիան դադարեցնի մշակութային սադրանքները՝ իր քաղաքական օրակարգն առաջ քաշելու համար:

Հունաստանը տարեկան Թուրքիա է արտահանում մոտ 1.5 մլրդ դոլարի ապրանք, ավելի շատ, քան Թուրքիայից ներմուծվողը: Առևտրային բոյկոտը Թուրքիայի գործողությունները չհանդուրժելու միայն մի մասն է: Այնտեղ հազարավոր ցուցարարներ աղոթում են Այա Սոֆիայի համար, երգում հոգևոր երգեր: Հունաստանի վարչապետն ասում է. Թուրքիան տարածաշրջանում խնդիրներ է հարցում՝ սպառնում տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:

Ֆոֆի Ջենիմատա (Հունաստանի «Կինալ» կուսակցության ղեկավար) -  Երկրի համար կրիտիկական ժամանակներ են: Թուրքիայի ագրեսիան սրվում է՝ մարտահրավեր նետելով և՛ Հունաստանին, և՛ ամբողջ Եվրոպային: Հույները պետք է միասնական լինեն ու չենթարկվեն Թուրքիայի պահանջներին ու սադրանքներին:

Հունաստանում կարծում են, որ Այա Սոֆիան Թուրքիայի մեծ ծրագրի միայն մի մասն է՝ իրեն դիրքավորել որպես տարածաշրջանային և էներգետիկ գերտերություն: Թուրքիան կարծում է, որ Հունաստանը չափից ավելի սուր է արձագանքում հարցին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում