Երկու ուղևորատար գնացքներ են բախվել Չեխիայի արևմտյան շրջանում, Գերմանիայի հետ սահմանի մոտ: Վթարից երկու մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել է, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է, հայտնում է Euronews-ը:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ բախման պահին «գնացքներում եղել է մոտ երեսուն մարդ», ներառյալ մեքենավարներն ու անվտանգության աշխատակիցները:
Չեխիայի իշխանությունները հետաքննում են բախման պատճառները, իսկ Գերմանիայից փրկարարները տեղում օգնություն են ցուցաբերում:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկ անձ է ձերբակալվել և հարուցվել է քրեական գործ՝ «անփութության հետևանքով հանցագործություն կատարելու» կասկածանքով:
Վնասված երկու գնացքը պատկանել է չեխական պետական երկաթուղային ընկերությանը:
Մարզի երկաթուղային ցանցը շրջապատված է լեռնային գոտիներով, ինչը բարդացնում է փրկարարների աշխատանքը:










