Новая газета պարբերականը «Շքերթային բացակայություն» վերնագրով հոդված է հրապարակել, որում նկարագրվում է, թե ինչպես են աշխարհի առաջնորդները մեկը մյուսի հետևից հրաժարվում Մոսկվայում ներկա լինել Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:
Պարբերականը նկատել է, որ բացի այն երկրներից, որոնց դուր չի գալիս պաշտոնական ռուսական քարոզչությունը, շքերթին ներկա չեն լինի նաև Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցողները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները:
Ըստ Новая газета-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատճառաբանել են կորոնավիրուսի դեմ պայքարը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է, որ ուզում է ծննդյան 63-րդ տարեդարձը նշել ընտանիքի հետ, իսկ Մոսկվա այցի դեպքում ստիպված է լինելու ինքնամեկուսանալ:
Թերթի համար ամենատարօրինակը Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի մերժումն է: Դեռևս հունիսի 22-ին նա հայտարարել էր, որ «հանկարծակի շարքից դուրս է եկել ինքնաթիռը, որով նա թռչում է (ըստ երևույթին, ուրիշը չկա»):
Օտար պետությունների ղեկավարներից Կարմիր հրապարակում ներկա կլինեն Սերբիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի նախագահները, ինչպես նաև ինքնահռչակ Աբխազիայի և Հարավային Օսիայի նախագահները:










