ԱԱրման Գալոյան

Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 10 հազարի. Արսեն Թորոսյան

Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 10 հազարի. Արսեն Թորոսյան

Հավանական սցենար է, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը կկազմեն 10 հազար, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ  նախարարի՝ նման սցենարի դեպքում, հավանաբար, ոմանց կուղարկեն տուն, բայց ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանան սպասարկել:

«Մեզ պետք է կայունություն, եթե նույնիսկ շատ թիվ ունենանք, մեզ պետք է կայուն վիճակ, որպեսզի կարողանանք բոլոր դեպքերով զբաղվել»,- նշեց նա:

Թորոսյանը մանրամասնեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մոտ մեկ ամիս առաջվա գնահատականով՝ Հայաստանում կարող է կորոնավիրուսի վարակվածության մինչև 500 հազար դեպք գրանցվել, արդյունքում լինեն հազարավոր մահեր:

«Բարեբախատաբար, դա մինչ օրս տեղի չի ունեցել, որովհետև մենք ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկումը: Եվ մենք կարողացել ենք հարթեցնել կորը ինչ-որ չափով, որովհետև դա ամեն դեպքում սրագագաթ պիկ չէ, այլ գուցե թեթև բլուր է դառնում: Եվ պետք է այնպես անենք, որ այդ բլուրն աստիճանաբար իջնի ներքև: Հիմա, թե երբ դա կհաջողվի, դժվար է ասել: Այսինքն՝ ասել 500 հազար կլինի, թե 100 հազար, թե 50 հազար, դժվար է, բայց մեր վարքագիծն է պայմանավորելու այդ թիվը»,- հայտարարեց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ եթե մայիսի վերջին ունենանք 10 հազար դեպք, մի կողմից վատ է, բայց մյուս կողմից լավ է 50 հազարից, որն առողջապահական համակարգը չի կարող կառավարել, իսկ 10 հազարը կարող է:

«Բոլոր երկրներն անցնում են այս փուլերով, և սահմանափակումների վերացումը ինչքան էլ մի քիչ կնպաստի ավելացմանը, պետք է խոստովանենք, որ ինչ-որ չափով անխուսափելի է, որովհետև հնարավոր չէ ապրել ամեն ինչ փակ վիճակով, դա ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար: Եվ այս ժամանակը մենք ինչ-որ կերպ օգտագործել ենք առողջապահական համակարգը կարգի բերելու համար, ու նաև, այո, մարդկանց որոշակի վարքագծային կանոններ սովորեցնելու համար»,- հավելեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում