Թուրքիայի Արտգործնախարարությունը քննադատել է Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցին նվիրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, գրում է Rusarminfo-ն: Թուրքիայի Արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ներքաղաքական համոզմունք պարունակող այս հայտարարությունը մեզ համար վավեր չէ: Մենք մերժում ենք հայտարարությունում մեր դեմ ներկայացված մեղադրանքները»:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև ասվում է, որ Թրամփի՝ «այն ժամանակաշրջանում հայ աշխարհազորայինների կողմից սպանված 500 հազար մուսուլմանների տառապանքների համառորեն անտեսումը» և «արդարադատությունից զրկված նման վերաբերմունքը » անհրաժեշտ է փոխել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով Մեծ Եղեռն եզրույթը:










