Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝
- Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը.
- դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը.
- արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը.
- դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը.
- մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը.
- ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը.
- օրենքի առջև ընդհանուր հավասարությունը.
- ամուսնանալու ազատությունը.
- երեխայի իրավունքները.
- կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը).
- մտքի և կրոնի ազատությունը:










