ԳԳոհար Սիմոնյան

Սիրիական Ալ-Բուքամալում ոչնչացվել է պրոիրանական ռազմաբազան, պատասխանը տրվել է Իրաքում

Սիրիական Ալ-Բուքամալում ոչնչացվել է պրոիրանական ռազմաբազան, պատասխանը տրվել է Իրաքում

Իսրայելական ImageSat International ընկերությունը, որը Eros-B արբանյակի օպերատորն է, արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցից երևում է Իրաքի սահմանից ոչ հեռու ընկած սիրիական Ալ-Բուքամալ տարածքում տեղակայված «Քաթաիբ Իմամ Ալի» (Իմամ Ալի գումարտակներ -խմբ.) շիական ռազմաբազան:

Դատելով մարտի 18-ին արված և այսօր հրապարակված լուսանկարներից, հենակետում գտնվող 15 օբյեկտներից 13-ը ամբողջությամբ ավերված են, երկու օբյեկտ էլ մասամբ են ավերված: Ընդ որում, գործ ունենք ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա ռազմական օբյեկտների հետ:

ImageSat հրատարակությունը նշում է, որ հարձակումը, որի մասին առանձնապես չի խոսվել, տեղի է ունեցել այս տարվա մարտի 11-ին և «վերագրվում է ԱՄՆ Զինված Ուժերին»: Մինչդեռ սաուդիներից հովանավորվող լոնդոնյան SOHR-ը հայտնում է, որ պրոիրանական օբյեկտների վրա մարտի 11-ին հարձակվել են իսրայելական երեք անօդաչու ինքնաթիռներ, լսվել է առնվազն 10 պայթյուն, նյութական կորուստներ հասցնելուց բացի, սպանվել են 18 շիա աշխարհազորայիններ:

Հիշեցնենք, որ Սիրիան և Իրաքը բազմիցս են մեղադրել Իսրայելին՝ այս տարածքում գրոհներ կազմակերպելու մեջ: Նախորդ այդպիսի հարվածն, օրինակ, հասցվել էր հունվարի 10-ի լույս գիշերը:

Ալ-Բուքամալի նոր սահմանային անցակետը, որը գտնվում է իրանամետ զինված ուժերի փաստացի հսկողության տակ, ԻԻՀՊԿ «Ղոդս» ուժերի ղեկավար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի անձնական նախագիծն էր:

Սոլեյմանին, անշուշտ, ո՛չ առանց Իրանի բարձրագույն ղեկավարության, շահագրգիռ էր, որպեսզի Սիրիայից ահաբեկիչները չանցնեն Իրաք և հակառակը՝ հետագայում խնդիրներ ստեղծելով Իրանի համար, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը հայտարարում էին, թե խնդիրն այդ միջանցքով Իրանից Սիրիա, իսկ հետագայում նաև Լիբանան հասցվելիք զենքի անխափան մատակարարումն էր:

Այսպիսով, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ առավել ևս Իսրայելը պատասխանատվություն չեն ստանձնել Ալ-Բուքամալի շրջանում շիական ռազմաբազան խոցելու համար: Բայց կա ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխաուի հայտարարությունն այն մասին, թե «Իրանն ակտիվորեն օգտագործում էր Ալ-Բուքամալի մերձակայքում գտնվող սահմանային անցումը՝ Սիրիայի և Իրաքի միջև զենք փոխադրելու համար», և բացահայտ սպառնալիքը, թե «Իսրայելը չի ​​կարող իր քթի տակ նման հաղորդակցային միջանցք հանդուրժել»:

Փորձագետները այս զարգացման ներկա հանգրվանը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների շարունակական հրթիռակոծումն են համարում շիական «Քաթաիբ Հեզբոլլահի» կողմից, որի արդյունքում, ինչպես երեկ հաղորդեցինք, ԱՄՆ-ն որոշել է իրաքյան ութ ռազմաբազաներից երեքից տարհանել իր զորքերը:

ԱՄՆ պաշտոնական բացատրությամբ, սակայն, նման որոշման պատճառը Իրաքի բանակի առավել մարտունակ դառնալն  ու անհրաժեշտ օժանդակության նվազեցումն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում