ԳԳոհար Սիմոնյան

Իսրայելի հետ Խաղաղության համաձայնագիրը վտանգված է. Հորդանանի վարչապետ

Իսրայելի հետ Խաղաղության համաձայնագիրը վտանգված է. Հորդանանի վարչապետ

Հորդանանի վարչապետ Օմար ալ-Ռազզազը հայտարարել է, որ Իսրայելի հետ կնքված Խաղաղության պայմանագրի ապագան լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Այս մասին հաղորդում է իսրայելական Maariv-ը և հավելում, որ ըստ Ռազզազի՝ դրա պատճառն Իսրայելի միակողմանի գործողություններն ու, մասնավորապես, մահմեդական, քրիստոնեական սուրբ վայրերին հասցվող «վիրավորանքն» են:

Հորդանանի վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները, 1994-ին կնքված Խաղաղության պայմանագրի ստորագրումից ի վեր, ամենացածր կետում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն գնահատականն էր տվել Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը: 2019-ի նոյեմբերին, ելույթ ունենալով Վաշինգթոնում, միապետը հայտարարել էր, որ Հորդանանի և Իսրայելի միջև հարաբերությունները ներկայում ավելի վատն են, քան երբևէ: Նա Իսրայելի կառավարությանը մեղադրել էր նաև արտաքին քաղաքականության միջոցով ներքին խնդիրները լուծելու փորձի մեջ:

Իր հերթին իսրայելական Maariv-ը գրում է, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող Հորդանանը վերջին տարիներին հետևողականորեն հանդես է գալիս հակաիսրայելական դիրքորոշմամբ: Նա Իսրայելի իշխանություններին մեղադրում է Երուսաղեմին, այսպես կոչված, հրեական կերպար պարտադրելու և կրոնական սրբավայրերի համար սպառնալիքներ ստեղծելու մեջ: 2019-ին այդ երկրում նաև զորավարժություններ են անցկացվել՝  «Արժանապատվության սուր» խորհրդանշական անունով, ի հիշատակ 1968-ի պատերազմի, երբ հորդանանցիներն ու պաղեստինցիները միասին էին կռվում Իսրայելի դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում