ԳԳևորգ Թոսունյան

Հայոց բանակին մարտական զինամթերքի փոխարեն՝ որսորդական. ի՞նչ է կատարվում «Օրսիսի» շուրջ

Հայոց բանակին մարտական զինամթերքի փոխարեն՝ որսորդական. ի՞նչ է կատարվում «Օրսիսի» շուրջ

Նախորդ տարվա կեսերից խնդիր առաջացավ ՀՀ պաշտպանության նախարարության և ռուսական «Օրսիս» ընկերության միջև: Նախ «Օրսիսը» ներառվեց «սև ցուցակում»՝ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի չափով ռազմատեխնիկայի մատակարարումների տենդերի տապալումից անմիջապես հետո, որին մասնակցել էր այդ ընկերությունը: Այնուհետև ռուսական որոշ կայքեր տեղեկություն տրամադրեցին, թե ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղել: Հետագայում, սակայն, պարզվեց, որ որևէ նոտա չկա, պարզապես ռուսական կողմը պաշտոնական նամակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին՝ որոշ հարցեր պարզաբանելու ակնկալիքով:

«Օրսիսը» ռուսական «Պրոմտեխնոլոգիա» խմբի մաս կազմող ընկերություն է. այն Հայաստանում ունի ներկայացուցիչ՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն:

Ընկերության և պաշտպանության նախարարության միջև առաջացած կոնֆլիկտը կապված է ՊՆ-ին մեծաքանակ գիշերային նշանոցներ (ջերմատեսիլ սարքեր) մատակարարելու գործընթացի հետ: Ըստ «Լուրեր»-ի տեղեկության՝ Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթի տեխնիկական բնութագիրը ի սկզբանե այնպես է ձևակերպվել, որ դրան կարողանում է մասնակցել միայն «Օրսիս Արմս» ընկերությունը՝ «Վենատոր» տեսակի նշանոցների մատակարարմամբ: Այդ պատճառով, օրինակ, մրցույթին հայտ չի ներկայացնում զինամթերք մատակարարող «Ունիկում Արմ» ընկերությունը, որն էլ բողոք է հղել ՀՀ ՊՆ-ին:

Բացի դրանից՝ պետությունը պետք է գներ 600-ից ավելի նման սարք: «Վենատոր» տեսակի նշանոցները հեշտությամբ կարելի է գտնել ռուսական զենք վաճառող կայքերում: Պետությունն այդպիսիք գնելու էր առանց ավելացված հարկի՝ միավորի արժեքը 2 մլն դրամով, մինչդեռ պետությանն այդ նշանոցներն առաջարկվել են 3 միլիոնով:

«Լուրեր»-ը զրուցել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին հրամանատարի հետ, որը, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, չցանկացավ ներկայանալ: Նա հաստատեց տեղեկությունը, որ մարտական նշանոցների անվան տակ Հայաստանի զինված ուժերին փորձ է արվել վաճառել որսորդական զինամթերք, սակայն գործարքը չի կայացել:

Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Օրսիս Արմս» ընկերությունը հիմնադրվել է 2017-ի մայիսին: Ի սկզբանե ընկերությունն ունեցել է երկու բաժնետեր՝ Արթուր Գալստյանը և Գևորգ Մանուկյանը: Արթուր Գալստյանը 2017-ի հոկտեմբերին նշանակվել է Զինված ուժերի ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետ և պաշտոնավարում է առ այսօր, սակայն 2019-ին, երբ ընկերությունը ներքաշվում է քրեական գործում, Գալստյանն իր 50 տոկոս բաժնեմասը վաճառում է Վերգինե Սարգսյանին: Ընկերության մյուս բաժնետերը՝ Գևորգ Մանուկյանը, պահեստազորի սպա է:

Բացի այդ, նշանոցներն ունեն բազմաթիվ այլ թերություններ, որոնք ակնհայտ ցուցադրված են ստորև բերված լուսանկարներում:

«Օրսիս»-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից խնդրեցինք մեկնաբանել պնդումը, թե ընկերությունը բանակին մատակարարել է մարտական գործողությունների համար ոչ պիտանի նշանոցներ: Նա ասաց՝ եթե այդպես էր, ապա փորձարկումն անցած նշանոցները դրական եզրակացություն չէին ստանա: Ըստ Սիրունյանի՝ այդպիսի 80 նշանոց այս պահին օգտագործվում է ՀՀ զինված ուժերում: Հետաքրքրվեցինք՝ փորձարկման արդյունքների վրա ազդե՞լ է Զինված ուժերում ռազմատեղագրական բաժնի պետ Արթուր Գալստյանը, որն այդ ժամանակ (մինչև 2019-ի հունիսը) նաև «Օրսիս Արմս»-ի 50 տոկոս բաժնետերն էր:

«Իմ կլինենտը ռուսական «Օրսիս»-ն է: Մենք բոլոր հայտարարությունների ու գործողությունների համար պատասխան տալիս ենք»,- ասաց Սիրունյանը:

«Օրսիս»-ի վերաբերյալ քրեական գործը քննչական կոմիտեից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Լուրերը ՀՔԾ-ից տեղեկացավ, որ վերջերս Ալեքսանդր Սիրունյանի հաղորդման հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է արդեն հարուցվածին: Նախաքննությունը շարունակվում է, առայժմ մեղադրյալներ չկան:

Պաշտպանության նախարարությունից պաշտոնապես հայտնեցին, որ անկախ «Օրսիս Արմսի» շուրջ ստեղծված իրավիճակի՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն ակտիվ շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում