
Սիրիական Հալեպի նահանգի հարավում ջիհադիստները չեն հրաժարվում կառավարական ուժերի դիրքերին հակահարված տալու փորձերից: Բայց դրան ի հակառակ, ըստ Սիրիայի Watan News-ի, փետրվարի 7-ին ծավալված մարտերի արդյունքում սիրիական բանակը ևս մի գյուղ է ազատագրել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից:
Այսպիսով, կառավարական բանակը շարունակում է առաջ ընթանալ M-5 մայրուղով, որովհետև դեռ մեկ տասնյակից ավելի շրջաններ մինչ օրս, այսպես կոչված, «արմատական ընդդիմության» ու նրանց դաշնակից ջիհադականների վերահսկման ներքո են գտնվում:
Խնդիրը Հալեպում պարզ է. եթե Ասադի բանակն արագ ազատագրի նահանգի հիմնական ռազմավարական կետը՝ Խան ալ-Ասալ քաղաքը, հանգիստ խղճով կարելի է Հալեպի վերջնական ազատագրման մասին խոսել, նույնիսկ եթե մեկ-երկու գյուղերում դեռ զինյալներ լինեն:
Իսկ մինչ այդ, Step New-ի վկայությամբ, լուրջ մարտեր են ծավալվել Խալսա և Ցիտան բնակավայրերի մոտ: Այստեղ «Ջեբհաթ ալ-Վաթանի լիլ Թահրիր» խմբավորման զինյալները հարձակվել են նաև սիրիական բանակի մարտական հետևակի և «Հեզբոլլահի» շիական միլիցիայի զորամասի վրա՝ մեծ կորուստներով ետ շպրտվելով: Սիրիական զորքերի կամ «Հեզբոլլահի» մարտիկների շրջանում կորուստների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
Իրադրությունը շարունակում է ծայրաստիճան լարված լինել Իդլիբի նահանգում: Ռազմական գործողություններից բացի, հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում զինյալները հաճախ են գողոնով զբաղվում և, որպես կանոն, իրենց կողոպտածը Թուրքիա են արտահանում: Այս անգամ՝ էլեկտրական տրանսֆորմատորներ, որի տեղափոխման ժամանակ բռնվել են շիական ոստիկանության կողմից:
Քրդական Rojawa Network-ի փոխանցմամբ՝ ջիհադիստների համար սովորական բան է դարձել ոչ միայն լուրջ սարքավորումներ, այլև հոսանքի պղնձալարեր ու նույնիսկ երկաթուղային ռելսեր թալանելը: Փորձագետներն էլ ջիհադիստների շարքերում գողության աճը պայմանավորում են նրանով, որ Թուրքիայի ֆինանսավորումը Լիբիայի ծախսերի ավելացման պարագայում նվազել է, և նրանք հաճախ ստիպված են լինում ինքնուրույն լուծել իրենց կարիքները:
Իսկ այժմ՝ ամենակարևորի մասին. քիչ առաջ պաշտոնական աղբյուրներով չճշտված լուրեր հաղորդվեցին այն մասին, որ սիրիական բանակն Իդլիբում իր վերահսկողության տակ է առել Ալ-Ասիլիա, Թել-Նաբարիզ, Ալ-Խուարի և Մհարիմ բնակավայրերը, որոնք Սերաքիբ քաղաքից հյուսիս-արևելք են ընկնում:
Եթե օրվա ընթացքում այս լուրը ճշտվի՝ լիովին հասկանալի կդառնա Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի զայրույթը. (նա կրկին քննադատեց Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Մոսկվան չի պահպանում Իդլիբում ձեռք բերված դեէսկալացիայի գոտու հետ կապված համաձայնությունը): Դա նշանակում է, որ Ասադի բանակն այս պահին Իդլիբից 5կմ էլ պակաս հեռավորությամբ է գտնվում, ինչը մղձավանջին հավասար բան է թե՛ ահաբեկիչների, թե՛ Անկարայի համար:
Նշենք նաև, որ փետրվարի 7-ին Թուրքիայի նմանատիպ հայտարարություններին արձագանքեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, շեշտելով, որ Իդլիբում իրականացվող հակաահաբեկչական գործողությունները՝ ներառյալ ռուսական, լիովին օրինական են:
«Ահաբեկիչները օրենքից և ցանկացած պայմանագրերից դուրս են»,- ի պատասխան լրագրողի հարցին՝ Վենեսուելայում, РИА Нвовости-ի, փոխանցմամբ, ասաց Լավրովը: Ավելին՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն ի՛նքը մեղադրեց Անկարային՝ Սոչիի պայմանավորվածությունները չկատարելում:
Նյութն ամփոփենք քրդական Rudaw-ի փոխանցած այն տեղեկությամբ, որ Թուրքիան շարունակում է հատուկջոկատայիններ տեղափոխել Իդլիբ: Հիշատակենք նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության հակաահաբեկչական դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Վորոնկովի ելույթն Անվտանգության խորհրդում, որում նշվեց, որ այս պահին Սիրիայում և Իրաքում դեռևս շուրջ 27,000 ահաբեկիչներ կան:
«Մենք պետք է զգոն և միավորված լինենք չարիքի դեմ պայքարում: ԻՊ տարածաշրջանային բջիջները շարունակում են հավատարիմ մնալ կոնֆլիկտային գոտիներում համախմբման իրենց ռազմավարությանը, օգտագործելով տեղական խնդիրները: Ակնկալվում է, որ Իրաք և Սիրիա տեղափոխված օտարերկրյա ահաբեկչական մարտիկների մեծ թվաքանակի պատճառով ԻՊ-ը կշարունակի սպառնալիք ներկայացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում», - շեշտեց Վորոնկովը:









