ՎՎարդուհի Բալյան

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի համակողմանի. ՄԻՊ

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի համակողմանի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ։

«Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող: 

2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ արտահերթ զեկույցի ձևով: Այս հայեցակարգը ներկայացնում ենք ուսումնասիրության և հարկ ենք համարում արձանագրել, որ նման երևույթների դեմ պայքարը պետք է լինի համակողմանի:

Քրեական ենթամշակույթի արմատավորված և բազմատարր բնույթը պահանջում է պետական բազմակողմանի քաղաքականություն: Այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ենթամշակույթի արմատները, դրա ազդեցության տարածման ծավալները:

Հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարում ելակետային սկզբունքներ են ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովումը և նրա վերասոցիալականացմանը նպաստելը: Այդ նպատակի համար քրեակատարողական համակարգը պետք է ապահովի համապատասխան պայմաններ, ունենա պատրաստված և բավարար անձնակազմ, որը, իր հերթին, պահանջում է սոցիալական պատշաճ երաշխիքների և աշխատանքային պայմաններ:

Օրենսդրությունը պետք է ստեղծի ազատությունից զրկված անձի համար կանխատեսելի պատկերացում իր իրավունքների իրացման և պարտականությունների հարցերում:

Միևնույն ժամանակ պետք է շեշտել, որ քրեական ենթամշակույթը չի սահմանափակվում միայն քրեակատարողական հիմնարկներում տարածվելով, այն ծավալված է հասարակության առավել լայն շրջանակում, ուստի այն պետք է արտացոլվի նաև հանցավորության դեմ պայքարի պետության քաղաքականության մեջ՝ ապահովելով արդյունավետ միջոցների կիրառում:

Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին.

1) ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց,

2) ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,

3) ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,

4) ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,

5) ազատազրկվածներին պահելու պայմանները:

Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ:

Ձևակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն:

Հայեցակարգը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ

համագործակցության շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում