Ժամեր առաջ սոցիալական ցանցերի իրանցի օգտատերերը լուրեր էին տարածում, որ Իրանի անվտանգության ուժերը փորձել են ահաբեկել և ցրել ցուցարարների մեծ բազմությունը, որ հավաքվել էր Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանի դիմաց` բողոքելու ռեժիմի կողմից քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռի խոցման առիթով: Ակցիայի մասնակիցները դիմադրում են՝ գրում էին նրանք, հավելելով, որ Իրանի անվտանգության ուժերը սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ, օգտագործելով մարտական զինամթերք:
ԶԼՄ-ներն, այսինքն, չէին շտապում այս մասին տեղեկություններ փոխանցել, և ահա BBC-ի ռուսական ծառայությունն է վերջապես մանրամասն անդրադառնում Թեհրանում առկա իրավիճակին:
Ըստ այդմ, հաղորդվում է, որ Թեհրանում՝ Ամիր Քաբիր տեխնոլոգիական համալսարանի դիմաց, հավաքվել են մի քանի հարյուր ցուցարարներ՝ պահանջելով երկրի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը:
«Հրամանատա՛ր, հեռացեք»,- վանկարկել են ցուցարարները և իրենց վրդովմունքն արտահայտել այն առիթով, որ իրանական զինուժը չորեքշաբթի օրը պատահաբար գնդակոծել է ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը, ինչը շաբաթ օրը Իրանի իշխանությունները պաշտոնապես ընդունեցին:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի տեսանյութն անմիջապես հայտնվել է իրանական սոցիալական ցանցերում, որոնցից մեկում այսպիսի կարգախոս է լսվում. «Հրաժարականը բավարար չէ, մեզ պետք է դատարան»:
Նշվում է, որ տեխնոլոգիական այս համալսարանը երկրի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկն է համարվում, իսկ ըստ որոշ տեղեկությունների՝ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված առնվազն 10 հոգին հենց այս համալսարանի շրջանավարտներն են եղել:
Թեհրանի այս և մեկ այլ համալսարանում բողոքի ցույցերի մասին հաղորդումներ են հայտնվել իրանական IRNA և ISNA լրատվական գործակալություններում, ինչից հետո բուռն է եղել սոցիալական ցանցերի, հատկապես՝ Twitter-ի և Instagram-ի արձագանքը, որոնք արգելված են Իրանում:
Իրանի իշխանությունների սխալը ցնցել է մարդկանց, և մեկն, օրինակ, գրել է. «Ձեր սխալը միտումնավոր չէր, բայց դիտավորյալ սուտ ասվեց: Չպե՛տք է խաբեք մարդկանց՝ նպատակահարմարությունից ելնելով»:
Թեհրանի համալսարանի նախկին պրոֆեսոր, իրանցի քաղաքագետ Զադե Զիբակալամը ասում է, որ դժվար է հասկանալ, թե ինչպես են իշխանություններն արդարացնելու իրենց, քանի որ վերջին երեք օրվա ընթացքում, նրա խոսքով, բոլորը ստել են:
Կառավարական IRNA գործակալությունը, ըստ BBC-ի, հայտնում է, որ Այաթոլլա Խամենեին հրաման է տվել հետաքննություն անցկացնել հնարավոր անփութության վերաբերյալ, որը հանգեցրել է ինքնաթիռի վթարի և մարդկանց մահվան, Իրանի խորհրդարանը հայտարարեց, որ կիրակի օրը բաց լսումների ժամանակ կքննարկվեն վթարի հանգամանքները, նախագահ Ռոհանին էլ հայտարարեց, որ Իրանը խորապես զղջում է կատարվածի համար և խոստացավ պատժել պատասխանատուներին:
BBC-ն փոխանցում է, որ 2 համալսարանների մոտ տեղի ունեցած ցույցերից բացի, այսօր երեկոյան Իրանում մարդիկ հարգել են զոհվածների հիշատակը, հավաքվելով Թեհրանի կենտրոնում և վանկարկելով՝ «Մա՛հ բռնապետին»: Նրանք պահանջել են բանակի Գերագույն հրամանատարի հրաժարականը, որը Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է:
Շատերն ասում են, որ եթե չլիներ այլ երկրների կառավարությունների ճնշումը, Իրանը երբեք չէր ճանաչի այդ սխալը:
Մի կարևոր հարց էլ մնում է անպատասխան՝ ինչու՞ չփակվեց իրանական օդային տարածքը Թեհրանի կողմից, եթե Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների դեմ հրթիռային հարձակում էին գործում:










