ԳԳոհար Սիմոնյան

Ուշադրությու՛ն, Իսրայելը խաղից դուրս չէ. Al Mayadeen

Ուշադրությու՛ն, Իսրայելը խաղից դուրս չէ. Al Mayadeen

Լոնդոնում գործող The Syrian Observatory for Human Rights (SOHR) կազմակերպությունը հաղորդել է, որ լույս հունվարի 10-ի գիշերը չորոշարկված ինքնաթիռներ են գրոհել իրանամետ աշխարհազորայինների դիրքերը՝ Սիրիայի և Իրաքի սահմանի վրա ընկած Ալ-Բուքամալ շրջանում:

Ըստ այդմ, զոհվել են Իրաքի պրոիրանական «Ալ-Հաշդ ալ-Շաաբ» խմբավորման առնվազն 8 զինյալ, ճշտվում են պատճառված վնասի չափերը:

Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը, որ կապված է «Հըզբոլահի» հետ, հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ոչնչացվել են Իրաքից Սիրիա շարժվող զինտեխնիկայով լի բեռնատարներ, բայց մարդկային կորուստների մասին, ի տարբերություն The Syrian Observatory for Human Rights-ի, որը նաև զինապահեստների վրա օդային հարձակման մասին է հաղորդել, Al Mayadeen-ը չի հայտնել:

Ի դեպ, SOHR-ը նաև հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ նրան հորդորել է՝ փակել Ալ-Բուքամալ սահմանային անցակետը, որի միջոցով իրանամետ ուժերն իրաքյան տարածքից իրանական զենք են ստանում:

Ասադն, իբր, ուշադրություն չի դարձրել այդ հորդորին, իսկ հունվարի 8-ից սկսած՝ այս շրջանում գտնվող թիրախների վրա իսրայելական հարձակման մասին զեկույցները չեն հրապարակվել: Մյուս կողմից՝ զեկույցների չհրապարակումը կապվում է այն բանի հետ, որ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր հիմնականում նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրան-Միացյալ Նահանգներ դիմակայության վրա:

Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թել Ավիվը պատասխանատվություն չի ստանձնել Ալ-Բուքամալի շրջանում պրոիրանական թիրախներ խոցելու համար: Չնայած՝ ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին 2019-ի դեկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ Իրանն ակտիվորեն օգտագործում էր Ալ-Բուքամալի մերձակայքում գտնվող սահմանային անցակետը՝ Սիրիայի և Իրաքի միջև զենքի փոխադրման համար, հասկացնելով, որ Իսրայելը չի ​​կարող թույլ տալ նման «տրանսպորտային միջանցքի գոյությունը»:

Դրանից բացի, իսրայելական ImageSat International կազմակերպությունը հրապարակել էր Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Բուքամալ շրջանում տեղակայված Kataib Imam Ali (Իմամ Ալի գումարտակներ), շիական ռազմաբազայի լուսանկարները:

ImageSat International-ը հատուկ ուշադրություն էր դարձրել մոտ 120 մետր երկարությամբ ամրացված ստորգետնյա թունելի վրա, ինչից հետո ամերիկյան Fox News հեռուստաալիքը հաղորդեց, որ այն կարող է նախատեսված լինել՝ որպես իրանական հրթիռների պահեստ:

Վերջերս էլ New York Times-ը հաղորդեց Իրանից Իրաքի տարածք հրթիռների առաքման մասին, որոնք, իբր, նահատակ գեներալն անձամբ էր տեղ հասցնում, որոնցով հնարավորություն էր ստեղծվում թիրախներ խոցել Իսրայելում և Սաուդյան Արաբիայում, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններում:

Այսպիսով, ըստ SOHR-ի, ամփոփվում են 2020-ի հունվարին Սիրիայի և Իրաքի սահմանին պրոիրանական ուժերի դեմ իրականացված օդային հարձակումները, որոնք, ինչպես արդեն նշվեց, Իսրայելի հեղինակմանն են վերագրվում:

2020-ի հունվարի 10

Չորոշարկված ռազմական ինքնաթիռները հարձակվել են իրաքա-սիրիական սահմանի Ալ-Բուքամալի տարածքում գտնվող իրանամետ աշխարհազորայինների դիրքերի վրա:

2020-ի հունվարի 9

Չորոշարկված ռազմական ինքնաթիռները հարձակվել են իրաքա-սիրիական սահմանի Ալ-Ջալա և Ալ-Աբբաս տարածքի  թիրախների վրա:

2020-ի հունվարի 8

Չորոշարկված ինքնաթիռները հարձակվել են իրաքա-սիրիական սահմանի մոտ գտնվող Ալ-Բուքամալի շրջանում տեղավորված պրոիրանական զինուժի վրա:

2020-ի հունվարի 4

Երկու ռազմական չորոշարկված ինքնաթիռներ գրոհել են Ալ-Բուքամալի տարածքում գտնվող իրանամետ աշխարհազորայինների դիրքերը: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հ.Գ. Հիշեցնենք, որ SOHR-ը կապվում է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում