ՄՄարի Կոստանյան

Կիևը՝ Թեհրանի փոխարեն. ինչո՞ւ է Թրամփը մոտ Պուտինի հետ գործարքին

Կիևը՝ Թեհրանի փոխարեն. ինչո՞ւ է Թրամփը մոտ Պուտինի հետ գործարքին

Այսօր Մերձավոր Արևելքն ԱՄՆ-ի համար շատ ավելի կարևոր է, քան հետխորհրդային պետությունները միասին վերցրած: Թեմային է անդրադարձել ուկրաինական Главред պարբերականը: 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից Թեհրանի վերջնական հրաժարումից հետո Իրանի փաստացի դաշնակիցները նվազել են: Եթե նույնիսկ եվրոպական երկրների ղեկավարները հիացած չեն գեներալ Սոլեյմանիի ոչնչացման վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից, այնուամենայնիվ, ամեն դեպքում հավանության չեն արժանացնի միջուկային զենքի տարածման հավանականությունը:

Պարբերականը նշում է, որ այս պարագայում քիչ հավանական է պաշտոնական Պեկինի և Մոսկվայի՝ Միացյալ Նահանգների հետ բացահայտ առճակատումը: Միջազգային քաղաքական հարթակում համոզված են, որ Պուտինը շահագրգռված է Թրամփի հետ համաձայնության գալու հարցում, և որ պետք չէ դիմակայել: Ըստ Главред-ի՝ այժմ Թեհրանն է՛լ ավելի մեծ ուշադրությամբ է հետևում Կրեմլի քայլերին, քան նույնիսկ մի քանի օր առաջ: Այս պարագայում, սակայն, կարևորը ոչ թե այաթոլլայի տրամադրությունն է, այլ թե ի՛նչ մարտավարություն կընտրի ԱՄՆ նախագահը: Եթե Թրամփը Սոլեյմանիի չեզոքացումը դիտարկում է որպես իրանցիներին ահաբեկելու և հանդարտեցնելու քայլ, ինչի հետևանքով ստացվել է բաց հակամարտություն, ապա արդյո՞ք ԱՄՆ նախագահը կցանկանա, որ այդ դիմակայությունը շարունակվի ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ու կասկածի տակ դնի իր վերընտրվելու հեռանկարները:

Հոդվածագիրը դիտարկում է նաև հակամարտությունից դուրս գալու համար որպես Իրանի սերտ դաշնակից Ռուսաստանի նախագահին դիմելու ԱՄՆ ղեկավարի որոշման հավանականությունը: Պարբերականի հավաստմամբ՝ Մերձավոր Արևելքում ծագած լարվածության ֆոնին Ուկրաինայի սկանդալը կարող է հետին պլան մղվել: Բելառուսն ընդհանրապես կդադարի հետաքրքրել ինչ-որ մեկին:

Այս պարագայում Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Ուկրաինա և Բելառուս այցերի չեղարկումը դիտարկվում է որպես հավանական փոփոխությունների ցուցադրական խորհրդանիշ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում