Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 8-ին տվեցին «Թուրքական հոսք» գազամուղի մեկնարկը: Գազամուղը շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում: Ռուսական կողմից միջոցառմանը մասնակցել են նաեւ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ խորհրդանշական փականը պտտել են նաև Բուլղարիայի վարչապետ Բորիսովը և Սերբիայի նախագահ Վույշիչը: 930 կմ երկարությամբ խողովակաշարը Սև ծովի հատակով ռուսական գազը կհասցնի Թուրքիա, այնուհետև ճանապարհը կշարունակի դեպի Բուլղարիա և Սերբիա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը «Թուրքական հոսք» նախագծի իրականացման ընթացքում ցուցաբերած քաղաքական կամքի համար:
«Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Թուրքիայի իշխանություններին, Թուրքիայի նախագահին` խողովակաշարի կառուցման համար անհրաժեշտ բոլոր թույլտվություններն ու լիցենզիաները ժամանակին տալու, ազգային կարևորության այս նախագծի իրականացման գործում Թուրքիայի նախագահի ցուցաբերած քաղաքական կամքի համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Թուրքիայի նախարարն էլ իր հերթին նշել է. «Թուրքիայում գազի պահանջարկը մեծանում է: Ռուսաստանը մեր հիմնական մատակարարն է, մենք Ռուսաստանից ստացանք 400 միլիարդ խորանարդ մետր գազ: Մեր էներգետիկ համագործակցությունը շատ հաջողված է: Մենք կշարունակենք նոր նախագծեր իրականացնել Ռուսաստանի հետ»:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «ժամանակակից պատմության մեջ ամենամեծ շինարարական նախագծերից մեկի» մեկնարկը համարել է «պատմական օր» համաշխարհային էներգետիկայի զարգացման համար:
Իսկ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեսն էլ «Թուրքական հոսքը» անվանել է «էներգետիկ աշխարհի մետաքսի ճանապարհ» և մեծ քայլ Թուրքիայի համար, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հիմնասյուն:
Կողմերը նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի էներգետիկ նախագծերը դադարեցնելու ջանքերը հաջողություն չունեցան: Դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ը օրենք ընդունեց, որի համաձայն պատժամիջոցներ են սահմանվել «Թուրքական հոսքի» և «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունների մեջ ներգրավված ընկերությունների նկատմամբ: Անկարան իր հերթին խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցի դեմ:
«Թուրքական հոսք» նախագիծը երկու ուղեգծից բաղկացած գազամուղ է, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր Է: Առաջին ուղեգիծը նախատեսված Է Թուրքիայի սպառողների, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար:










