Մոսկվայում ավարտվել է ռուս-թուրքական պատվիրակությունների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է սիրիական խնդիրը և հատկապես Իդլիբի նահանգում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է TRT-ն, հավելելով, որ Թուրքիայի պատվիրակությունը, որի կազմում էին Պաշտպանության նախարարության և հետախուզական ծառայության ներկայացուցիչներ, ղեկավարում էր փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
Նշվում է, որ թուրքական կողմն ընդգծել է հատկապես Թուրքիա մեկնող միգրանտների նոր հոսքերի հետ կապված խնդիրը, քննարկվել է նաև Միջերկրական ծովի արևելքում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ փոխըմբռնման աղմկահարույց հուշագիրը, որ ստորագրվել էր Թուրքիայի և Լիբիայի կողմից, դիտարկվել են Լիբիայում կայունությունը վերականգնելու ուղիները:
Ըստ նույն աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանի և Պուտինի բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր: Նշվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ՌԴ նախատեսված է հունվարի 8-ին:










