ՄՄկրտիչ Կարապետյան

19 հանքեր՝ «միջնորդների» միջոցով օֆշորային ընկերություններին. մաս 1

19 հանքեր՝ «միջնորդների» միջոցով օֆշորային ընկերություններին. մաս 1

2018-ի հուլիսին՝ հեղափոխությունից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ Հայաստանի 19 հանքարդյունաբերական ընկերություններ գնվել են «միջնորդների» կողմից և վաճառվել մեկ ընկերության։ ՏՄՊՊՀ-ն այս թեմայով ուսումնասիրություն էր անցկացրել և 1lurer.am-ը դիմել, ստացել է մանրամասներ ուսումնասիրությունից։

Ի՞նչ է պարզել ՏՄՊՊՀ-ն

Նախ նշենք, որ Հանձնաժողովի կողմից այս ուսումնասիրությունը կատարվել է 2013-2014  թվականների ընթացքում, սակայն հանրայնացվել է միայն 2018-ին։ ՏՄՊՊՀ-ն պարզել էր, որ եղել են «միջնորդ կազմակերպություններ», որոնք ձեռք են բերել և վաճառել հանքարդյունաբերության ոլորտում գործող 19  հայկական ընկերություններ, որոնցից 17-ը վերջին հաշվով վաճառվել են «Եվրասիա պոլիմետալ քորփորեյշն» ընկերությանը, որն էլ իր հերթին դրանք վերավաճառել է «Եվրասիա մեթալս քորփորեյշն» ընկերությանը։ Մյուս երկուսը գնվել են Կիպրոսում գրանցված «Բալուչի հոլդինգս» և «Բիրլիկտե լիմիթեդ» ընկերությունների կողմից։ Այս ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում՝ Մարշալյան և Կայմանյան կղզիներում, Կիպրոսում։

«Մրցակցության օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց կարող է լինել այն, որ հարկային արտոնյալ ռեժիմ ունեցող երկրներում կազմակերպությունների գրանցումը հնարավորություն չի տալիս բացահայտելու այդ կազմակերպության սեփականատերերին, ինչի արդյունքում հնարավոր է, որ ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվեն ինչ-որ կազմակերպության կառավարման տակ, ինչը կարող է բերել տվյալ ոլորտներում մրցակցության կրճատմանը և կենտրոնացվածության բարձրացմանը»,- նշված է ՏՄՊՊՀ ուսումնասիրությունում։ Ընկերությունների մի մասը զբաղվում է մետաղական, մյուս մասն էլ` ոչ մետաղական հանքավայրերի շահագործմամբ։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընկերությունները գնել, ապա վաճառել են «միջնորդներ» էմին Կնյազյանը, Վարդան Դիլանյանը, Դմիտրի Գևորգյանը, Սուրեն Ավագյանը, նաև՝ կիպրական «Պապիդինվեստ թրեյդինգ լիմիթեդ»-ը, Մարշալյան կղզիներում գրանցված «Մատաբոռ ֆայնընս լիմիթեդը», էստոնացի Ալվար Վիրկուսը։ Այս մարդկանց և ընկերությունների միջոցով ձեռք բերված ընկերություններն են՝ «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ», «Գլոբտեխ», «Մարլյուբ», «Արմատշեն», «Արա և Էդգար», «Կորատեքս» «Ձեմ փրոդաքշն», «Գենտամայն», «Էֆի ռեսուրսիս», «Ֆերրոմ ռեսուրսիս», «Րեյր էրթս», «Կամեոլուկ», «Մեթալ մայնինգ», «Պիրիտա», «Իրոն մայնինգ», «Սոլվ» «Բեյզ սթոուն քամփնի», «Դելմարոն», «Իէյջէյ մենեջմենթ» ՍՊԸ-ները։

1lurer.am-ը  մաս-մաս կներկայացնի այն ընկերություններին, որոնք ըստ ՏՄՊՊՀ-ի Հայաստանում դարձել են հանքարդյունաբերական ընկերության սեփականատերեր։

Արմենիա ինթերնեյշնլ գոլդ. հանքարդյունաբերական ընկերություն՝ արգելանք դրված գույքով

Այս ընկերությունը զբաղվել է Գեղարքունիքի մարզի Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում որոնողահետախուզական գործունեություն իրականացնելով։ Հայտնի չէ, թե, ի վերջո, որոնողահետախուզական աշխատանքներից ինչ է պարզ դարձել։ Այնուհանդերձ, «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ»-ից հետո երկու այլ ընկերություններ այս տեղանքում կատարել են նույն աշխատանքը։ Ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվություն չունի։ «Հետքը»-ը ժամանակին անդրադարձել էր այս հանքավայրի շուրջ զարգացումներին։ «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ»-ից հետո այստեղ երկրաբանահետախուզական աշխատանքներ է անցկացրել «Ինթերնեյշնլ գոլդ» ընկերությունը։

«Արմենիա ինթերնեյշնլ գոլդ» ընկերությունը, ըստ ՏՄՊՊՀ-ի, պատկանում է Կիպրոսում գրանցված «Բալուչի հոլդինգս» ընկերությանը։ Այս ընկերությանն առնչվող ուշագրավ տեղեկության կարելի է հանդիպել Դատալեքսում։ Ըստ գործի նախապատմության՝ «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ»-ի բաժնետերեր են հանդիսացել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալի դերակատարներից Փայլակ Հայրապետյանը, որն ունեցել է ընկերությունում 20 տոկոս բաժնեմաս, նույնքան բաժնեմասեր են ունեցել Նունե Սերոբյանը,  Ավետիք Արզոյանը, Աշոտ Ասարյանը և Բենիկ Հարությունյանը։ Վերջինս բուժծառայության գնդապետ է, բժշկական գիտությունների դոկտոր, 1993-1995 թվականներին եղել է ռազմաբժշկական ծառայության պետ, իսկ 2002-2010-ը՝ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Հարությունյանը ներկայումս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն է։ Այս անձանց բաժնեմասերի հարաբերակցությունը հետագայում փոփոխվել է՝ Բենիկ Հարությունյանը ձեռք է բերել Փայլակ Հայրապետյանի ու Ավետիք Արզոյանի բաժնեմասերը և տնօրինել «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ»-ի բաժնեմասերի 60 տոկոսը, որը հետագայում փոխանցել է Կիպրոսում գրանցված «Բալուչի հոլդինգս»-ին։ Մնացյալ 40 տոկոսի բաժնետերերը դատական ատյաններով փորձել են անվավեր ճանաչել այս գործարքները, սակայն հաջողության չեն հասել։

Դատարանում որպես «Բալուչի հոլդինգս»-ի ներկայացուցիչ հանդես է եկել Մհեր Ավետիսյանը, որը ևս ԱՆ կուրորտաբանության ու ֆիզիկական բժշկության ինստիտուտի աշխատակից է և եղել է Բենիկ Հարությունյանի ենթական։ Ավետիսյանը վերջերս ռեգիստրում գրանցել է «Ընդերքօգտագործողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը, աշխատել է նաև «Վերածնունդ» հիմնադրամում, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Վերջինիս մեկ այլ հիմնադրամին՝ «Փյունիկին» «Բալուչի հոլդինգս»-ը 2013-ին փոխանցել է մոտ 82 միլիոն դրամ՝ ըստ հիմնադրամի ներկայացրած հաշվետվության։ «Բալուչի հոլդինգ»-ը հիմնվել է 2008-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, որպես բաժնետեր նշված է Ալվար Վիրկուս անունով անձը, որին ՏՄՊՊՀ-ն համարում է հանքարդյունաբերական ընկերությունների վաճառքի միջնորդ։ Չի բացառվում, որ Վիրկուսը proxy person է՝ իրավաբանական ծառայություններ մատուցող և ընկերություններ գրանցող անձ։ Վիրկուսը ներգրավված է մեկ այլ կիպրական ընկերությունում ևս՝ Cifean Investments Limited-ում։

Ալվար Վիրկուսից առաջ «Բալուչի հոլդինգս»-ի բաժնետեր են հանդիսացել Zoulian consultants և Zoulian investments limited ընկերությունները, որոնք կապակցված են համանուն կիպրական այլ ընկերությունների հետ։ Այս ընկերությունների մասին ժամանակին գրել է համաշխարհային մամուլը՝ նշելով, որ  Zoulian-ի  հետ փոխկապակցվածություն ունի ռուս խոշոր բիզնեսմեն, օլիգարխ Բորիս Ռոտենբերգը, որը համարվում է Պուտինի մերձավորներից։ Նա Լոնդոնի կենտրոնում, ըստ «Թայմս»-ի, 5 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք է բերել խոշոր առանձնատուն օֆշորային ընկերությունների միջոցով, որոնցից մեկն էլ Zoulian LTD և Zoulian management ընկերություններն են։

Վերադառնալով «Արմենիա ինթենեյշնլ գոլդ»-ին՝ նշենք, որ 2019-ին Պետեկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը արգելանք է դրել ընկերության բանկային հաշիվներին՝ չկատարած 600.000 դրամի հարկային պարտավորությունների համար։

«Բալուչի հոլդինգս»-ը Հայաստանում մեկ այլ ընկերության՝ «Սլոբեր»-ի բաժնետերն է եղել։ «Սլոբեր» ընկերությունը հիմնվել է 2009 թ. ու Սասունիկում զբաղվում է խճի, բազալտի արդյունահանմամբ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ ի սկզբանե ընկերության միանձնյա բաժնետեր է հանդես եկել Սուրեն Ավագյանը։ Մեկ տարի անց նա իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել է «Բալուչի հոլդինգս» ընկերությանը, որը «Սլոբեր»-ի բաժնետեր է եղել 2010-2014  թվականներին։ 2014-ին «Բալուչի հոլդինգս»-ը ընկերության իր բաժնեմասերն ամբողջությամբ նորից հետ է փոխանցել Սուրեն Ավագյանին, իսկ ավելի կոնկրետ՝ նրա որդուն՝ Հայկ Ավագյանին։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունում Սուրեն Ավագյանը ներկայացվում էր հանքերի առքուվաճառքի «միջնորդ» անձանցից մեկը։

Սուրեն Ավագյանը 99 տոկոս բաժնեմաս ունի «Դարդան» ՍՊԸ-ում։ Ընկերության 1 տոկոսն էլ պատկանում է Էմին Կնյազյանին։ Ըստ ՊԵԿ հարկ վճարողների որոնման համակարգի տվյալների՝ ընկերությունը զբաղվում է գլխամասային գրասենյակների ծառայությամբ։  2017-ին կառավարությունը հնարավորություն տվեց «Դարդան»-ին հետաձգել կառավարությունից ներգրաված վարկային միջոցների մուծումները։ ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրությունում ևս նշել է, որ «Դարդան»-ի գործունեության ոլորտն անհայտ է։ Այնուհանդերձ, ընկերությանը վարկային մարումներից հետաձգելու որոշման նախագծից պարզ է դառնում, որ «Դարդան» ՍՊԸ-ն փոխկապակցված է մեկ այլ ընկերության՝ «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի հետ, որը ճանապարհաշինական ընկերություն է (վարկային պարտավորությունները լրացուցիչ գրավով փոխարինելու ընթացքում գրավադրվել է այս ընկերության 243 հազար դոլարի հասնող փոխադրամիջոցներն ու արտադրամիջոցները)։

«Ավտոճանապարհային փոխադրամիջոցների» տնօրենը ժամանակին Յուրի Գևորգյանն էր, որը Էջմիածնի ավագանու անդամ էր և համարվում էր գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից։ Ընկերությունը Հայաստանում ճանապարհաշինության գնումների ակտիվ մասնակիցներից է։

Հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների՝ այլ օֆշորային ընկերության անցնելու վերաբերյալ քննչական կոմիտեում անցյալ տարվանից քննվում է քրեական գործ՝ հակամրցակցային գործունեության հատկանիշներով։ 1.5 տարի շարունակվող նախաքննության ընթացքում կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում