Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել 5 ուղղություն
2025 թվականին որոշվեց նոր ընթացք տալ Մարտի 1-ի գործին:
Գլխավոր դատախազի որոշմամբ՝ 20-ից ավելի քննիչների ներգրավմամբ քննչական խումբ ձևավորվեց: Գործը կառուցվածքային փոփոխության ենթարկվեց՝ բաժանվելով 5 ուղղության:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պաշտոնական լիազորությունների անցման համար են մեղադրվում: 13 մեղադրյալ ներգրավված է Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների ցրման գործընթացի հետ կապված ուղղությունում՝ ոստիկանապետից մինչև քրեական ոստիկանության աշխատակիցներ:
Այս ուղղությամբ քննվում է նաև արգելված զինատեսակների կիրառման հարցը, որի համար որպես նոր մեղադրյալ ներգրավվել է նաև ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը:
Գործի քննության խեղաթյուրման ուղղությամբ մեղադրվողները Ազգային անվտանգության ծառայությունից են:
Որպես 4-րդ ուղղություն առանձնացվել է բանակային կորպուսների հրամանատարների դրվագը: Խոսքը զինված ուժերը քաղաքական գործընթացներում ներգրավելու հայտնի դրվագի մասին է:
Այս ուղղության քննությամբ ուշագրավ է հատկապես զինծառայողների վարձատրության մասը. ըստ դատախազի՝ յուրաքանչյուր զինծառայող, որը մասնակցել է ցույցերի հետ կապված գործողություններին, ստացել է 50 հազար դրամի չափով վարձատրություն:
Քրեական գործի տարանջատումը ինչպե՞ս կնպաստի Մարտի 1-ի ամբողջական բացահայտմանը։ Գլխավոր դատախազն ասում է՝ տարբեր ուղղություններով քննությունը կարևոր է ոչ միայն առանձին դրվագների ամբողջական բացահայտման, այլև գործերի՝ դատարան հասնելու տեսանկյունից:
Դիտումներ52







