ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի ռազմավարական կարևորագույն քայլերը. Hürriyet

Թուրքիայի ռազմավարական կարևորագույն քայլերը. Hürriyet

Այն ժամանակ, երբ Միջերկրական ծովի արևելքում էներգետիկ լարվածությունը խորանում է, Թուրքիան կարևոր քայլեր է անում մեկը մյուսի հետևից: Այս մասին գրում է Hürriyet-ը: Հորատող ու ռազմական նավեր տարածաշրջան ուղարկելուց, Լիբիայի հետ ծովային սահմանները զատելուց հետո Թուրքիան այժմ էլ հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի տարածքում անօդաչու թռչող սարքերի բազա հիմնելու մասին: Գեչիտկալե օդանավակայանն Անկարայի աչքերը կդառնան Միջերկրական ծովի արևելքում:

Պարբերականը հավաստիացնում է, որ սա Թուրքիայի ռազմավարական հերթական քայլն է տարածաշրջանում: Հոդվածագրի հավաստմամբ՝ ավիաբազայի ստեղծմամբ Թուրքիան էլ ավելի կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում:

Գեչիտկալե օդանավակայանը մինչև այժմ չի օգտագործվել ռազմական նպատակների համար: Սակայն այժմ գործընթացն արագացվում է: Թուրքիան ռազմանավերով սարքավորումներ է տեղափոխում, որոնք նախատեսված են ռազմաբազայի համար: Նորությունը, թե օդանավակայանում տեղակայվելու են թուրքական անօդաչու թռչող սարքերը, դարձել է Հունաստանի ու Կիպրոսի լրատվամիջոցների գլխավոր թեման: Մամուլը մասնավորապես գրել է, որ Թուրքիայի օդանավերը կայանելու են «հենց իրենց քթի տակ» ու վերահսկելու են կղզու հունական հատվածի օդային տարածքը:

Գեչիտկալեի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում մշտադիտարկում իրականացնել գրեթե ամբողջ Միջերկրական ծովի արևելքում: Կղզու հունական հատվածում տեղակայված է Մեծ Բրիտանիայի ավիաբազան: Հույն-կիպրացիներն իրենց ավիակայանները բացել են նաև Ֆրանսիայի ու Իսրայելի համար: Այժմ Կիպրոսում ավիաբազա ունի նաև Թուրքիան:

Պարբերականը գրում է, որ ավիաբազայի ղեկավարության խոսքով՝ «ավիակայանի շնորհիվ Միջերկրական ծովի արևելքում ոչ մի թռչուն կամ ճանճ չի կարող թռչել առանց իրենց իմացության կամ համաձայնության»:

Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարությունը կոշտ է արձագանքել հույն-կիպրացիներին զենք մատակարարելու վրա բեռնարգելքի չեղարկման վերաբերյալ օրինագծին, որը ԱՄՆ Կոնգրեսից հետո կանցնի հավանություն ստանալու վերջնական փուլը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը զգուշացրել է տարածաշրջանում լարվածության խորացման մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում