Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ առաջին օրվա բանակցությունները․ դրանք տևել են 4,5 ժամ։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ են եղել, բայց դեռ շատ անելիքներ կան։ «Չեմ կարծում, թե ինչ-որ բանի կարելի է հասնել առաջիկա 24 ժամվա ընթացքում»,– ասել է Մարկո Ռուբիոն։
Աբու Դաբիի բանակցություններին զուգահեռ նա Փարիզում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ։ Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ Արևմուտքը կկարողանա Ուկրաինային տրամադրել միայն անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց հետ համաձայն կլինի նաև Ռուսաստանը․ հակառակ դեպքում դա չի աշխատի։
Լրատվամիջոցները նաև գրում են, որ ԱՄԷ-ում բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս գերիների լայնածավալ փոխանակման մասին։ Կողմերը, սակայն, պաշտոնական հայտարարություններ այդ կապակցությամբ չեն արել։









