Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տարածել, որում խոսում է Երևանի երթևեկության խնդիրների և դրա հնարավոր լուծումների մասին:
Ըստ Աննա Հակոբյանի՝ նոր շենքերի ու թաղամասերի կառուցմանը զուգահեռ պետք է զարգացնել նաև ճանապարհային ցանցը, քանի որ այսօր մայրաքաղաքի А կետից C կետը հասնելու համար անհրաժեշտ է «տիեզերագնացի առողջություն», «ամուր սիրտանոթային համակարգ», և այս համատեքստում հարց է բարձրացրել, թե ինչ պետք է անել, որպեսզի մեքենաների ու զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը «ինֆարկտի բուն չդառնան»:
Նա նշել է, որ հարցի պատասխանը չունի, բայց որ կան մարդիկ, որոնց համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելն աշխատանքային պարտականություն է:
Նա կարծում է՝ աշխարհում կան լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս հաշվարկել, թե այս տեմպերով զարգանալու դեպքում Երևանում 25 տարի հետո քանի մեքենա կլինի, և թե այսօր ինչ է պետք անել դրան պատրաստվելու համար: Կամ գուցե պարզվի, որ 25 տարի հետո միայն թռչող մեքենաներ են լինելու, և որ այսօր արդեն պետք է պատրաստվել դրան: Ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման հնարավոր լուծումների թվում Աննա Հակոբյանը մատնանշել է էստակադաների, վերգետնյա, ստորգետնյա ու շրջանցիկ ճանապարհների կառուցումը։
«Ի՞նչ կլինի, եթե առաջիկա հինգ տարվա ընթացքում 300-500 հազար մարդ վերադառնա հայրենիք՝ մշտական բնակության։ Իսկ եթե նրանցից 250 հազարն էլ սեփական մեքենայո՞վ գան։ Ի՞նչ ենք անելու, նույնքան մարդ պետք է հեռանա՞, որ փողոցներում տեղավորվե՞նք»,- ասել է Հակոբյանը:










