Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններին ընդառաջ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակներն առանձին հանդիպում են անցկացրել Եվրոպայի թիմի հետ։ Բանակցություններին եվրոպական կողմից մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։
Ուիթքոֆի խոսքով՝ անդրադարձել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներին։
«Մոսկվայի և Կիևի միջև հետպատերազմյան շրջանի վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նաև քննարկել ենք, թե ինչպես Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո զարգացնել եվրոպական անվտանգության գործող ինստիտուտներն ու համաձայնագրերը։ Հետպատերազմյան շրջանում անվտանգային խնդիրները չեզոքացնելը և ապագա հակամարտությունների ռիսկը նվազեցնելը հիմնարար նշանակություն ունեն»,– ասել է Ուիթքոֆը։
Նա հավելել է, որ աշխատելու են բազմակողմ բանակցություններին եվրոպական պետությունների ներգրավման ուղղությամբ։










