ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները կազմակերպության երկրների ղեկավարներին կներկայացնեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշման նախագիծ՝ բյուջե չվճարված պարտքի պատճառով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արդեն երկու տարուց ավելի է, ինչ Երևանը անդամավճարներ չի փոխանցում, ինչի կապակցությամբ հարց է բարձրացվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթների կիրառման մասին։ Համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցում և ձայնի իրավունքից զրկում մինչև պարտքի ամբողջական մարումը»,– ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ որոշման այդ նախագիծը կքննարկվի վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։
«Բայց ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այդ որոշման ընդունումից հետո հայ գործընկերների համար փաստացի կպահպանվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում՝ բուն հավաքական անվտանգության իրավունքը»,– պարզաբանել է ռուսաստանցի նախարարը։










