Արևմուտքը կկարողանա Ուկրաինային տրամադրել միայն անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև Ռուսաստանը, հայտարարել է Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ հակառակ դեպքում դա չի աշխատի։
Նա ընդգծել է, որ երաշխիքների կոնկրետ ծրագիր առայժմ չկա. կողմերը քննարկում են միայն հնարավոր տարբերակները։ Ամերիկացի պաշտոնյան անվտանգության երաշխիքներն անվանել է ապագա կարգավորման առանցքային պայման. դրանք պետք է Ուկրաինային պատերազմից հետո անվտանգության զգացում հաղորդեն և միաժամանակ բավարարեն Մոսկվայի շահերը։
Ավելի վաղ Աբու Դաբիում մեկնարկել են Կիևի, Վաշինգտոնի և Մոսկվայի թիմերի բանակցությունները։ Հանդիպումն աշխատանքային մակարդակի է և կտևի մինչև վաղը։
Դրան ընդառաջ Ուկրաինայի պատվիրակությունն առանձին հանդիպում է անցկացրել Եվրամիության և ԱՄՆ-ի թիմերի հետ։ Այս բանակցություններին եվրոպական կողմից մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։ Ըստ ուկրաինական պատվիրակության՝ կողմերը համաձայնեցրել են դիրքորոշումները և համակարգել քայլերը՝ բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ։










