Հայաստանը վստահեցրել է Իրանին, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը չի փոխի տարածաշրջանի սահմանները կամ աշխարհաքաղաքականությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
Նրա խոսքով՝ Իրանը ողջունել է տրանսպորտային ուղիների շրջափակման վերացումը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ նախագծերը չպետք է հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։ Բաղաեին նաև հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ կապված մտահոգությունները փոխանցել է Հայաստանին։
«Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, սակայն ուշադիր կհետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կհայտնի իր դիրքորոշումը», – հավելել է դիվանագետը։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Բաղաեին նշել է, որ այդ երկրի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Պատճառն Իրանի 14 քաղաքացիներին անցանկալի անձ հայտարարելու Բաքվի որոշումն է։
Բաղաեին Ադրբեջանի որոշումը որակել է ոչ բարեկամական՝ հայտարարելով, որ Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի։ Ադրբեջանն արգելել էր Իրանի 14 քաղաքացու մուտքը երկիր նոյեմբերի սկզբին։ Նրանց թվում են Մեջլիսի պատգամավորներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և կրոնական գործիչներ։
Բաքվի պնդմամբ՝ որոշման պատճառը նրանց վիրավորական արտահայտություններն են, կրոնական քարոզչությունն ու բռնի իշխանափոխության կոչերը։
Մանրամասները՝ տեսաշարում։













