Ֆրանսիայում կենսապահովման բարձր գների և ավագ դպրոցների անմխիթար վիճակի դեմ բողոքող ցուցարարները հերթական զանգվածային ակցիան են կազմակերպել։ Նրանք հայտարարել են, որ ցույցերը կշարունակվեն, մինչև իրենց պահանջները չբավարարվեն։
Ցույցերին ընդառաջ ներքին գործերի նախարարությունը երկրում տեղակայել է 70 000 իրավապահի՝ զսպելու հնարավոր անկարգությունները։ Օրեր առաջ ցույցերն ուղեկցվել էին բռնություններով և թալանով։
Հակակառավարական ցույցեր են ընթանում նաև Ալբանիայում։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլներ են նետել։ Իրավապահներն էլ բազմությունը ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։
Իտալիայում էլ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի են դուրս եկել՝ բողոքելով կենսապահովման ծախսերի բարձրացման և ռազմական ծախսերի ավելացման դեմ, ինչպես նաև պահանջելով աշխատավարձի բարձրացում և հանրային ծառայությունների որակի բարելավում։










