ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ, որտեղ գտնվում է Արևելյան ափի նավթամթերքի ներմուծման և բաշխման ամենամեծ կենտրոնը։ Այս մասին նահանգապետ Միկի Շերիլը հայտարարել է Financial Times-ի հետ հարցազրույցում։
Նա խոստացել է գտնել միջոց՝ արգելափակելու նրանց մուտքը և կանխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև կնքված գործարքի իրականացումը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նման վաճառքը կհամալրի Ռուսաստանի բյուջեն ամերիկացի սպառողների և Ուկրաինայի հաշվին։ Շերիլը նաև նշել է, որ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների փոքր ծավալը որևէ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ում վառելիքի գների վրա, և Սպիտակ տունը ոչինչ չի անում խնդիրն արդյունավետ լուծելու համար։ Ռուսական լցանավերը տեղափոխում են 140,000 տոննա վառելիք։
Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմի Ռասկինը նախազգուշացրել էր ներկրողներին պատժամիջոցները խախտելու պատասխանատվության մասին, քանի որ միայն Թրամփի որոշումը բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար: Կոնգրեսականի խոսքով՝ խախտողներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և մինչև մեկ միլիոն դոլարի տուգանք:










