Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է մանրամասներ այն հաջողված ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են նախարարության կողմից և ուղղված են պետական կառավարման համակարգում իրականացվող աշխատանքներում երիտասարդների ներգրավմանը, կամավորության և փորձնակի ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Դարձիր կամավոր», «Բանավիճում են երիտասարդները», «Իրավունքի ամառային դպրոց» և այլ նախաձեռնություններին: Սրբուհի Գալյանը նշել է, որ դրանք միտված են պետական համակարգում երիտասարդների դերի բարձրացմանը, նրանց ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը և այլն: Ընդգծվել է նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններն այլ գերատեսչություններում ևս իրականացնելու և համակարգային դարձնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ծավալվել է քննարկում կամավորության և փորձնակի ինստիտուտի զարգացման հնարավորությունների, պետական կառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվման արդյունավետ մեխանիզմների մշակման շուրջ: Այս համատեքստում, կարևորվել է կայուն և վերահսկելի համակարգի ներդրումը, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակից լինել համայնքի և պետության զարգացման գործին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ փորձնակի և կամավորության ինստիտուտները լավ հնարավորություն են երիտասարդների համար ներգրավվելու պետական կառավարմանը և անհրաժեշտ է համակարգային լուծումներ ու կարգավորումներ իրականացնել այս ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում, վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:










