Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Թուրքիա: Նրա փոխարեն Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Ալիևը չի մասնակցի գագաթնաժողովին՝ կապված ավելի վաղ նախատեսված միջոցառումների և աշխատանքային ծանրաբեռնված ժամանակացույցի հետ: Հոկտեմբերի 30-ին Ալիևը կպարգևատրի աշխարհի առաջնության և FIFA U-15 փառատոնի եզրափակչի մասնակիցներին:
Ադրբեջանի ԱԳ նախարարն արդեն Անկարայում է: Նա հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան–Թուրքիա երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր: Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է լարվածություն՝ Ադրբեջանի կրթական հաստատություններում հիջաբ կրելու հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ թուրքական կողմի արձագանքի ֆոնին:










