Մենք ասել ենք բազմիցս, որ Սահմանադրության օրակարգը մեզ համար ներքին օրակարգ է, որը, իհարկե, կունենա նաև միջազգային և տարածաշրջանային որոշակի շատ կոնկրետ ազդեցություն։ Այսօր պարոն Միրզոյանը, իհարկե, առանց նախապես համաձայնեցնելու, հարցին տվեց մի փոքր միջազգային և տարածաշրջանային կոնտեքստ, և ընդդիմության ներկայացուցիչներն էլ հարցադրում արեցին, թե՝ այ, դուք երաշխավորո՞ւմ եք, որ դա ինչ-որ հանգրվանի վերջին կետն է։ Այդ մասին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես այսօրվա խոսակցությունը կընդունեմ ի գիտություն, որովհետև մինչև այս պահն ինձ համար թեման եղել է ներքին տրամաբանության մեջ։ Կարծում եմ՝ մենք պետք է անենք որոշակի աշխատանք, և այս հարցը չի կարող ուղղակի հարց ու պատասխանի հանպատրաստի ռեժիմով ստանալ պատասխան։ Ես այս հարցը վերցնում եմ և ասում եմ, որ առաջիկայում կկենտրոնանամ այդ հարցին պատասխան ձևակերպելու և, չեմ բացառում, այդ հարցի պատասխանից բխող առաջարկ անելու վրա, որից, իմ կարծիքով, եթե այդ առաջարկը ձևակերպվի, ես այդ կետում, կարծում եմ, կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել»,– նշեց նա։










