ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանի Հանրապետությունում մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 33-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հարկային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում քննարկվել են համակարգող խորհրդի աշխատանքային խմբերի զեկույցները, այդ թվում՝ տվյալների փոխանակման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև հաճախորդակենտրոնության սկզբունքների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հաստատվել է նաև խորհրդի առաջիկա տարվա գործողությունների ծրագիրը։
Նիստի այս տարվա հիմնական թեմաների շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը հանդես է եկել «Ռիսկերի կառավարման համակարգի և ժամանակակից վերլուծական գործիքների կիրառման փորձը» շնորհանդեսով։ Ներկայացվել է Հայաստանի փորձը՝ տվյալների վերլուծության միջոցով հարկային ռիսկերի բացահայտման, հարկ վճարողների իրազեկման ու անհամապատասխանություններն ինքնուրույն շտկելու հնարավորության, ինչպես նաև բարձր ռիսկայնություն ունեցող հարկ վճարողների նկատմամբ հսկողության գործընթացների ուղղությամբ։ Ներկայացվել են ՀՀ ՊԵԿ-ի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները՝ ընդգծելով դրանց դերը հարկային կարգապահության բարելավման գործում։
Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2027 թվականի երկրորդ կիսամյակում՝ Ուզբեկստանի Հանրապետությունում։
Հաջորդ նիստի գլխավոր թեմաներ են ընտրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջարկված՝ «ԱՊՀ մասնակից պետություններում կրիպտոակտիվներով իրականացվող գործառնությունների հարկային վարչարարությունը. վերահսկողության մեխանիզմները, գործնական փորձը և զարգացման հեռանկարները», ՌԴ ՖՆ դաշնային հարկային ծառայության կողմից առաջարկված՝ «ԱՊՀ մասնակից պետություններում հարկային գրագիտության զարգացումը և հարկային մշակույթի ձևավորումը. ժամանակակից մոտեցումները, կրթական նախաձեռնությունները և թվային գործիքները», ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության կողմից առաջարկված՝ «Անտեսանելի հարկային վարչարարություն. թվային հարկային ծառայություններից դեպի հարկ վճարողի հետ ավտոմատացված փոխգործակցություն» թեմաները։
Որոշում է ընդունվել ՀԾՂՀԽ «Երիտասարդ մասնագետների» և «Հաճախորդակենտրոնության սկզբունքների ներդրման» աշխատանքային խմբերի նիստերն անցկացնել 2027 թ. գարնանը Հայաստանում։










