Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՌԴ-ի հետ գործերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել դիվանագետ Գիորգի Զուրաբաշվիլուն։ Կոբախիձեն նաև հայտնել է, որ Զուրաբաշվիլին կշարունակի զբաղեցնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր է 2025 թվականի դեկտեմբերից։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է Գիորգի Կաջայան։
Կոբախիձեն որպես Վրաստանի առաջնահերթություններ նշել է «Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության խաղաղ կարգավորումը, առկա առևտրատնտեսական կապերի պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև մարդասիրական հարցերի շուրջ շարունակական երկխոսության պահպանումը»։
Նրա խոսքով՝ վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը կարևոր նշանակություն ունի այդ նպատակներին հասնելու համար, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ Ժնևյան ձևաչափին զուգահեռ։










