ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ: Կիևը հաստատել է, որ կաջակցի այդ քայլին, սակայն Մոսկվան դեռևս մեկնաբանություն չի արել։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի «անմիջապես», սակայն մանրամասներ չի ներկայացրել՝ հաղորդում է BBC-ն։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սկզբում, իհարկե, զարմանք է հայտնել հայտարարության վերաբերյալ, սակայն հետո ասել է, որ Կիևը կաջակցի նախաձեռնությանը, եթե Մոսկվան նույնպես դա անի։
Թրամփը Կիևին կոչ է արել դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին ՝ Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկա դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածության հայտարարության ֆոնին: Նա նաև խիստ քննադատել է Զելենսկուն՝ ասելով, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք։
Դիզելային վառելիքի գործարքն ավելի ու ավելի շատ քննադատություններ է առաջացրել: Զելենսկին այն անվանել է նվեր Վլադիմիր Պուտինին և ներդրում պատերազմում: Եվրոպացի պաշտոնյաներն ու որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ, այդ թվում ՝ Հանրապետական կուսակցությունից, հայտարարել են, որ չեն աջակցում այդ որոշմանը:
ԱՄՆ յոթ սենատոր՝ երեք դեմոկրատ և չորս հանրապետական, հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Թրամփի գործարքն ուղղակիորեն հակասում է ռուսական էներգակիրների ներմուծումն արգելող օրենքին։










