Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկում է Ամուլսարի հանքավայրի շահագործումը:
«Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը իր ելույթում ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, հյուրերին, նշեց՝ օրը ընկերության աշխատակիցների համար անչափ կարևոր է:
Նրա խոսքով՝ այսօրվան նախորդել է մեծաթիվ աշխատանք, բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ, երբեմն՝ անլուծելի թվացող հարցեր:
«Այդ բոլորի լուծումն է, որ հանգեցրել է այս գեղեցիկ օրվան, այս գեղեցիկ միջոցառմանը: Ես էլ եմ ուզում իմ մեծ շնորհակալությունը հայտնել բոլորին, Կառավարության գործընկերներին՝ այս համատեղ աշխատանքի ու արդյունքի համար»,- ասաց Սանոսյանը:
Անդրադառնալով ընկերության գործունեության սոցիալ-բնապահպանական մասին՝ հիշեցրեց՝ կային պայմանավորվածություններ, փաստաթղթեր ու բոլորովին վերջերս «Լիդիան Արմենիա» ընկերությունը, Կառավարությունն ու ազդակիր երեք համայնքները կնքել ու հստակեցրել են այն ամբողջ աշխատանքն ու ծրագիրը, որով հստակեցվել է, որ ոչ միայն համայնքներին կտրվի տարեկան 7-ից մինչև 9 միլիոն դոլար, այլև հստակեցվել է աշխատանքի մեթոդաբանությունն ու ձևաչափը:
«Սա, կարծում ենք, անչափ կարևոր է: Գիտեք, որ կա նաև ազգային պարկի ստեղծման գաղափար, ծրագիր, որն արդեն որոշակի ընթացք ունի և ընկերությունը համաձայնել է, պարտավորվել է, որ 5 միլիոն դոլար էլ կուղղենք ազգային պարկի ստեղծման ուղղությամբ»,- նշեց Սանոսյանը՝ կարևորելով կնքված փաստաթուղթը համայնքների զարգացման տեսանկյունից:










