ԼԼուսինե Մուրադյան

Սահմանվել են պատգամավորական էթիկայի 8 հիմնական կանոններ. Մարիա Կարապետյան

Սահմանվել են պատգամավորական էթիկայի 8 հիմնական կանոններ. Մարիա Կարապետյան

Ազգային ժողովում ստեղծվել է պատգամավորական Էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի նախագահն է Մարիա Կարապետյանը։ Հանձնաժողովի գործունեության շրջանակում սահմանվել են պատգամավորական էթիկայի 8 հիմնական կանոններ, որոնց պատգամավորները պետք է հետևեն իրենց լիազորություններն իրականացնելիս։

Մարիա Կարապետյանը ներկայացրել է այդ կանոնները՝ մանրամասնելով, թե ինչ վարքագիծ և գործողություններ են ակնկալվում պատգամավորներից։ Այդ կանոններն են.

1. հարգել օրենքը և ենթարկվել օրենքին,

2. հարգել հանրության բարոյական նորմերը,

3. պահպանել ԱԺ-ի, նրա հանձնաժողովների նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման կարգը,

4. իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց շահերով,

5. չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի,

6. իր գործունեությամբ նպաստել ԱԺ-ի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը,

7. ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ,

8. հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախման իրավիճակի դեպքում սահմանված պահանջների խախտման դեպքում։ Մասնավորապես, եթե քաղաքացին նկատել է, որ պատգամավորը չի պահպանել էթիկայի կանոնները կամ չի կատարել շահերի բախման դեպքում իր համար պարտադիր գործողությունները, այդ մասին կարող է դիմել Էթիկայի հանձնաժողով։

Էթիկայի հանձնաժողով կարող են դիմել նաև պատգամավորները՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես պատգամավոր։

«Պատգամավորներն իրենք ևս կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով՝ որպես պատգամավոր, շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտության դեպքում»,- ասաց նա:

Եթե որևէ օրենքի կամ օրինագծի վերաբերյալ պատգամավորը ենթադրում է, որ իր մասնակցությունը դրա քվեարկությանը, ելույթ ունենալը, օրինագիծը ներկայացնելը կամ հարցեր տալը կարող են շահերի բախման հետ կապված հարց առաջացնել, ապա կարող է նախապես դիմել Էթիկայի հանձնաժողով՝ հասկանալու, թե հանձնաժողովն ինչ դիրքորոշում ունի տվյալ հարցի վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում