Բելգիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
«Դեսպան Բալայանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ անդրադառնալով հայ-բելգիական երկկողմ օրակարգի նշանակալի ձեռքբերումներին, որոնք կյանքի չէին կոչվի առանց Բելգիայի դաշնային խորհրդարանի հետևողական և ամուր աջակցության։ Այս համատեքստում դեսպանն առանձնացրեց խորհրդարանի կողմից ընդունված կարևորագույն բանաձևերը, Բելգիայի կառավարության կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության ամրագրումը, բազմոլորտ համագործակցության հաստատումը, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումն ու հյուպատոսական ծառայությունների մատուցման մեկնարկը՝ որպես երկկողմ հարաբերությունների նոր որակի վկայություն։
Դեսպան Բալայանը բարձր գնահատեց Պետեր դը Ռուվերի անձնական ներդրումն այս գործընկերության ամրապնդման գործում՝ առանձնակի ջերմությամբ հիշատակելով վերջինիս պաշտոնական այցը Հայաստան։
Իր հերթին, Պետեր դը Ռուվերն ընդգծեց Հայաստանի շարունակաբար աճող հետաքրքրությունը Բելգիայի արտաքին քաղաքական օրակարգում՝ բարձր գնահատելով դեսպան Բալայանի գործունեությունը Հայաստան-Բելգիա գործընկերության խորացման ուղղությամբ։ Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամություն հայտնեց հետևողականորեն շարունակել և զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ հենվելով արդեն իսկ ձևավորված ամուր հիմքերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։









