«Պարոն Փաշինյան, շատ խառն եք։ Անձնական կարծիքով ենթադրում եմ, որ պրոբլեմներ ունեք իշխանությունը պահելու հետ կապված, երևի դրանից են նյարդերն այդպես տեղի տալիս»,– ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Ճիշտ եք նկատել, պարոն Ղազինյան, խառն եմ, շա՛տ։ Եվ եթե դուք մտածում եք, որ, ասենք, մարդը 21-րդ դարում կարող է լինել վարչապետի պաշտոնում և խառը չլինել, դա իշխանության մասին ձեր պատկերացումն է։ Երբ որ դուք իշխանություն եք եղել, ինչո՞ւ պետք է խառը լինեք, ա՛յ ախպեր։ Ի՞նչ պրոբլեմ ունեք՝ կե՛ր, խմի՛ր, քե՛ֆ արա... Դուք երբեք խառը չեք եղել։ Եվ այն, որ դուք խառը չեք եղել, ձեր խառը չլինելու հետևանքների բերումով և սովորական տրամաբանությամբ՝ մենք խառն ենք։
Իշխանությունը պահելու խնդիր, իհարկե, ունենք։ Որովհետև, ի տարբերություն ձեզ, իշխանությունը մեզ համար վայելք չէ, այդ իշխանությունն արդեն այստեղներս է հասել։ Ահա, ուրախացան, ոգևորվեցին։ Տեսա՞ք՝ այսպես ակտիվացան, SMS-ները գնացին՝ տղե՛րք, հավաքվե՛ք, լավ է լինելու։ Բա դա ենք ասում՝ բա գնում ենք, չեք թողնում, որ գնանք։ Քանի դեռ ձեզ նման ընդդիմություն կա, չենք կարողանում մենք գնալ։ Ես շատ պարզ բան եմ ասում, գործարք եմ առաջարկում ձեզ, ասում եմ՝ եկե՛ք դուք այդ Վասիլիչ-բանը թարգեք, մենք գնանք խաղաղությունը հաստատենք, վերջնական վավերացնենք, ստորագրենք, վավերացնենք, մենք գնանք մեր գործին, դուք էլ գնացեք ձեր գործին։ Այսինքն՝ ժողովուրդը կորոշի, ես գոնե ինձ համար կարող եմ այդպիսի գործարք առաջարկել ձեզ։ Մտածե՛ք, կարող է՝ հետո ուշ լինի, ես հիմա կոնկրետ դա ձեզ առաջարկում եմ, լուրջ եմ ասում։ Ընդ որում, չմտածեք՝ հումոր եմ անում, ասում եմ ամենայն լրջությամբ։ Որովհետև, դա էլ եմ ուղիղ ասում՝ մինչև խաղաղությունը չհաստատվի, մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու։ Չեք կարողանալու դուք, չեք կարողանալու։ Չնայած արդեն ձեզնից, ասացի, ոչ մի բան կախված չէ, պլանը հաստատված է մեր կողմից, և մենք գնալու ենք»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։









