Երևանում՝ Ավան վարչական շրջանում, պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան: Արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ալեսսանդրո Ֆերրանտին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը, ակումբի լեգենդ, Իտալիայի չեմպիոն Ֆաբրիցիո Ռավանելլին և այլ հյուրեր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են մարզաբազայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ենթակառուցվածքներին, հետևել են երեխաների մարզումներին։

Ավանի մարզաբազան ունի մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, կացարան՝ նախատեսված մարզիչների և երեխաների համար, և այլ ենթակառուցվածքներ։ Շինությունը կառուցվել է ժամանակակից «կանաչ շենքերի» չափանիշներին համապատասխան։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Հայաստանում բարձրակարգ ֆուտբոլային ակադեմիաների ստեղծմանը, ընդգծել է, որ մանկապատանեկան ֆուտբոլը և ֆուտբոլային կրթության զարգացումը սպորտում հետագա հաջողությունների կարևոր նախապայմաններից են․ «Սա ֆուտբոլի զարգացման հիմնաքարն է։ Մեծ սպորտում նվաճումներ ունենալ չենք կարող, եթե հիմքը ճիշտ դրված չէ: Միջազգային փորձը մեր երկիր բերելը, ինչպես նաև միջազգային ֆուտբոլային կրթությունը մեր երեխաներին հասանելի դարձնելը կարևորագույն ռազմավարություններից են, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու»։

Նախարարը հատկապես կարևորել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, որի շնորհիվ տաղանդավոր երեխաները, այդ թվում նաև մարզաբնակ, ակադեմիայում անվճար սովորելու հնարավորություն կունենան․ «Սա նշանակում է, որ մեր ապագա տաղանդավոր ֆուտբոլիստների համար այս ճանապարհը բաց է»։
Անդրադառնալով «Յուվենտուսի» ակադեմիաներում նախադպրոցական կրթության բաղադրիչին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի մեթոդները կարող են օգտակար լինել նաև կրթության ոլորտում՝ նպաստելով երեխաների ֆիզիկական զարգացմանն ու սպորտային կրթությանը։
Նա նաև կարևորել է սպորտում մասնավոր ներդրումների աճը և պետություն-մասնավոր գործընկերությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը բարձր է գնահատել Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներն ու ծրագրի իրականացման տեմպերը։
«Մենք հաճելիորեն զարմացած ենք՝ այստեղ բացելով այս հիանալի մարզաբազան։ Սա Հայաստանի ներկայացվածության, այստեղ կատարված մեծ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի միջև բարձրակարգ գործընկերության վկայությունն է։ «Յուվենտուսն» ամբողջ աշխարհում ունի շուրջ 100 ֆուտբոլային ակադեմիա, սակայն այն, ինչ տեսանք այստեղ, իսկապես բացառիկ է։ Ընդամենը մեկ տարում նման ենթակառուցվածքի ստեղծումն անհավանական ձեռքբերում է։ Իսկ ամենակարևորն այն է, որ 600-700 պատանի սաներ արդեն գրանցվել և սկսել են մարզվել «Յուվենտուսի» ակադեմիայում»,- ասել է Պետեր Սիլվերստոնը՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրում ներգրավված կողմերին։
«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիայի շինարարությունը մեկնարկել են 2025 թվականի մայիսի վերջին։ Արդեն պատրաստ են և գործում են երկու ժամանակակից մարզաբազաներ՝ Երևանի «Ավան» և «Կենտրոն» վարչական շրջաններում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։

Մարզաբազաներում կառուցվել են բնական և արհեստական խոտածածկով բարձրորակ խաղադաշտեր, օրգանական նյութերով լցոնված արհեստական խոտածածկով դաշտեր՝ փոքր տարիքի երեխաների համար, ինչպես նաև փակ խաղադաշտ։
«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայում մարզվող երեխաների հետ աշխատում են «Յուվենտուսի» համակարգից ժամանած օտարերկրյա 15 մարզիչներ, որոնք կիրառում են ակումբի ժամանակակից մարզչական մեթոդաբանությունն ու գիտելիքահեն մոտեցումը։ Ակադեմիայի լավագույն սաները հնարավորություն կունենան մեկնելու Թուրին՝ «Յուվենտուսի» մայր ակադեմիա, մասնակցելու «Յուվենտուսի» ակադեմիաների աշխարհի առաջնության խաղերին և հետագայում իրենց կարիերան շարունակելու եվրոպական ակումբներում։











