Ամփոփվել է Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոցի թանգարանային շենքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովի ամփոփումը, որի ընթացքում համաժողովի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Համաժողովը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի առանցքային ամենամյա միջոցառումներից է, որը միավորել էր ծրագրի անդամ պետությունների, հավաստագրված և հավաստագրման թեկնածու մշակութային ուղիների, միջազգային կազմակերպությունների, համալսարանների, տեղական և տարածքային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակույթի, ժառանգության և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների։
Ողջունելով ներկաներին և կարևորելով համաժողովի անցկացումը Հայաստանում՝ որպես մշակութային բացառիկ իրադարձություն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ այսօրինակ միջոցառումները մշակութային երկխոսությունների կայացման նոր դռներ են բացում։ Նա հույս է հայտնել, որ այս համաժողովը կակտիվացնի Հայաստանի՝ մշակութային նոր ուղիների անդամակցման գործընթացը։
Համաժողովի հիմնական արդյունքներից է մշակութային ուղիների համար առաջարկությունների շրջանակի մշակումը։ Այն ներառում է սկզբունքներ և գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն ներդնել արդյունավետ կրթական ծրագրեր` մշակութային ժառանգությունն ընդգրկելով ուսուցման տարբեր ձևաչափերում, ապահովելով հասարակության տարբեր խմբերի մասնակցությունը։
Մասնագիտական քննարկումներին զուգահեռ հյուրերը ծանոթացել են Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը և ժամանակակից մշակութային կյանքին։
Դիտումներ156









