«Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է WADA-ի ներկայացուցչին

«Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է WADA-ի ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) Եվրոպական գրասենյակի և սպորտային շարժման հետ հարաբերությունների տնօրեն Սեբաստիան Ժիլոյին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակադոպինգային գործակալության գործունեությանն ու մաքուր սպորտի ամրապնդմանն առնչվող հարցեր։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու Հայաստանում մաքուր սպորտի սկզբունքների հետևողական ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այս առաջնահերթությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ:

Այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի ազգային հակադոպինգային գործակալության՝ միջազգային չափանիշներին համապատասխան գործունեությունը։ Նախարարի խոսքով՝ վերջին ամիսներին քայլեր են ձեռնարկվել գործակալության համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

Գործակալությանը հատկացվել է նոր տարածք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որը համագործակցության և արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ է ստեղծում՝ բուհի ենթակառուցվածքներից օգտվելու, աշխատաժողովներ և կրթական միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև մաքուր սպորտի գաղափարների տարածմանը երիտասարդներին և ուսանողներին ներգրավելու առումով։

Կարևորելով ազգային հակադոպինգային գործակալության ու պետական լիազոր մարմնի արդյունավետ համագործակցությունը՝ Սեբաստիան Ժիլոն շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ ցուցաբերվող աջակցության համար և նշել, որ արդեն ծանոթացել է գործակալության նոր տարածքին։

Նշվել է, որ գործակալության գործունեության ֆինանսավորումն ամբողջությամբ նախատեսված է պետական բյուջեի միջոցներից, իսկ խոշոր միջազգային մրցաշարերի և առաջնությունների անցկացման դեպքում տրամադրվում է նաև լրացուցիչ ֆինանսավորում։

Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացված և առաջիկայում նախատեսվող խոշոր մարզական միջոցառումներին և դրանց շրջանակում արդյունավետ հակադոպինգային համակարգի կարևորությանը։ Նշվել է, որ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը վերջերս լիարժեք սպասարկել է «Tour of Armenia 2026» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը։

2027 թվականին Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որտեղ ևս գործակալության գործունեությունը կարևորվում է։

Սեբաստիան Ժիլոն ընդգծել է, որ միջազգային խոշոր մրցաշարերի անցկացումը հնարավորություն է Հայաստանի համար՝ ցույց տալու երկրի հանձնառությունը մաքուր սպորտին և բարեվարքությանը։ Նա նաև վերահաստատել է Հայաստանի հակադոպինգային համակարգի և մասնագետների կարողությունների զարգացմանն աջակցելու WADA-ի պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում