ԳԳոհար Սիմոնյան

TANAP-ը դադարեց երազանք լինել. Ռեջեփ Թայիփ Էրդողան

TANAP-ը դադարեց երազանք լինել. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Տրանսանատոլիական գազատարը (TANAP) կամուրջ կդառնա երկրների միջև` խթանելով համագործակցությունը, աշխատատեղերի ստեղծումն ու երկարաժամկետ նոր համաձայնագրերի ձեռքբերումը: Ադրբեջանը պատրաստ է իր գազով լցնել Եվրոպայի խողովակաշարերը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Էդիրնե նահանգի Իփսալ շրջանում Տրանսանատոլիական գազատարն (TANAP) Անդրադրիատիկ խողովակաշարին (TAP) միացնելու մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողության ժամանակ:

«Այսօր կարևոր օր է պատմական տեսանկյունից: Հուսով ենք, որ TANAP-ը օգուտ կբերի Թուրքիայի, Ադրբեջանի և հարևան մյուս երկրների ժողովուրդներին»,- Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել է Իլհամ Ալիևը:

Հարավային գազային միջանցքն այսօր, ինչպես ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը, միջազգային համագործակցության ծրագիր է, որ միավորում է յոթ երկրներ:

TANAP նախագիծը հիմնականում հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև պատմական բարեկամության խորհրդանիշ՝ այս մասին էլ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«2012 թվականի հունիսից առ այսօր մենք մեծ ջանքեր ենք գործադրել՝ TANAP նախագիծն իրականացնելու համար և ավարտեցինք գազատարի կառուցումը ժամանակին, չնայած՝ բազմաթիվ խոչընդոտներին, տարածաշրջանում անկայուն իրավիճակին և զինված բախումներին»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանից Թուրքիա և Եվրոպա 16 միլիարդ խորանարդ մետր չափով բնական գազի մատակարարումը դադարել է երազանք լինել, և իրականություն է դարձել:

Հիշեցնենք, որ TANAP-ը սկիզբ է առնում թուրք - վրացական սահմանից և թուրքական Էդիրնե նահանգի Իփսալ շրջանում, Հունաստանի սահմանի մոտ, միանում է Անդրադրիատիկ խողովակաշարին (TAP), որի միջոցով էլ բնական գազը կհասնի եվրոպական երկրներ:

Խողովակաշարի ընդհանուր երկարությունը, որ բաղկացած է Phase-0 և Phase-1 հատվածներից, կազմում է 1,850 կմ: Խողովակաշարերի հատվածի տրամագիծը վրաց-թուրքական սահմանից մինչև Էսկիշեհիր (0-րդ փուլ) 56 դյույմ է, երկարությունը՝ 1340 կմ:

2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել առաջին հատվածի պաշտոնական բացման արարողությունը, և նույն ժամանակ էլ սկսվել է ադրբեջանական առևտրային գազի առաքումը Թուրքիա: TANAP խողովակաշարի թողունակությունը կկազմի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիարդ խորանարդ մետրը կհանձնվի Թուրքիային, մնացածը ՝ Եվրոպային:

Ի դեպ, TANAP նախագծում բաժնետոմսերի բաշխվածությունը հետևյալ տեսքն ունի. Ադրբեջանի «Գազի հարավային միջանցք» ՓԲԸ-ին են պատկանում բաժնետոմսերի 51%-ը, Turkey Enerji A.Ş-ին ու դրա դուստր ձեռնարկություն SOCAR-ին՝ 7%-ը, թուրքական պետական BOTAŞ  ընկերությանը՝ 30%-ը, և բրիտանական BP-ին՝ 12%-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում