ԳԳոհար Սիմոնյան

Սարկոզիի կարծիքով՝ Թրամփը ոչ թե Արևմուտքի անկման պատճառն է, այլ՝ ախտանշանը. El Mundo

Սարկոզիի կարծիքով՝ Թրամփը ոչ թե Արևմուտքի անկման պատճառն է, այլ՝ ախտանշանը. El Mundo

Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Մարիա Անսարն ու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խոսել են Արևմուտքի, ժողովրդավարության անկման և այն մասին, որ բոլոր այս արժեքները կորցնում են ազդեցությունը ժամանակակից աշխարհում՝ գրում է El Mundo-ն:

«Եթե կարծում եք, որ խնդիրը վերաբերում է միայն քաղաքական կուսակցություններին, դուք անտեսում եք այն, որ Եվրոպան ու Արևմուտքը անկում են ապրում: Դարեր շարունակ աշխարհի առանցքն անցնում էր Արևմուտքով, բայց այժմ այն ​​դեպի Արևելք է տեղափոխվել: Մոլորակի յոթ միլիարդ մարդկանցից չորս միլիարդն ապրում է Ասիայում, իսկ կենտրոնում ՝ ընդամենը 800 միլիոնը: Մենք այլևս աշխարհի առանցքը չենք, և դրա համար կան ժողովրդագրական պատճառներ»,- ասել է Սարկոզին:

Չնայած՝ նախկին նախագահը չի հավատում միավորված Եվրոպային, որ բաղկացած է 27 երկրներից, սակայն, Եվրոպային հորդորում է փոփոխվող աշխարհում դուրս գալ անշարժությունից, որովհետև այս իրավիճակը նպաստում է անջատողական տրամադրությունների աճին, որոնք արդե՛ն իսկ տխուր հետևանքներ են առաջ բերել ԵՄ-ի համար:

Brexit-ի շուրջ առաջացած դրությունն, օրինակ, Սարկոզին անվանել է «խելագարություն, դրամա և պատմական հակասություն», որ խնդիր է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ամբողջ Եվրոպայի համար:

«Հին եվրոպական քաղաքակրթությունը դեռ երազանքներ ու հավակնություններ ունի: Նա չի՛ ցանկանում մեռնել»,- Սարկոզիի խոսքերն է մեջբերում El Mundo-ն:

Ի դեպ, Ֆրանսիայի  նախկին նախագահն անդրադարձել է նաև Դոնալդ Թրամփին՝ նշելով, թե նրա ընտրությունն այդ պաշտոնում «շատ բան է ասում ամերիկյան հասարակության մասին»:

«Թրամփը ոչ թե Արևմուտքի անկման պատճառն է, այլ՝ ախտանիշը»,- հավելել է Սարկոզին:

Իսպանիայի նախկին վարչապետը համաձայնել է Սարկոզիի հետ՝ նկատելով, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում կառավարման ուղղահայաց համակարգից ՝ հօգուտ հորիզոնականի: Դրա վառ օրինակը բողոքի ցույցերն են Հոնկոնգում, Կատալոնիայում, Չիլիում և Կոլումբիայում:

«Մենք ընդհանուր ապստամբություն ենք ապրում համակարգի դեմ»,- ասել է Խոսե Մարիա Անսարը:

Իսպանիայի նախկին առաջնորդը ՆԱՏՕ-ի հարցն էլ չի շրջանցել և հայտարարել է, որ ԵՄ-ն առանց Դաշինքի չի կարողանա դիմակայել այնպիսի լուրջ մարտահրավերներին, ինչպիսիք՝ Brexit-ը, Ռուսաստանը, ահաբեկչությունն ու կիբերանվտանգությունն են:

«Բեռլինի պատի անկումից 30 տարի անց ազատականությունը կասկածի տակ է դրվում: Առանց Հյուսիսատլանտյան դաշինքի, առանց Հյուսիսային Ամերիկայի կայունության պահպանման հանձնառության՝ անհնար է պաշտպանել Եվրոպան: Ամենալավ բանը, որ կարող ենք անել, կրկին մտածելն ու ՆԱՏՕ-ն վերականգնելը կլինի»,- եզրափակել է Անսարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում