ԼԼիլիթ Ասատրյան

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է ՀՀ ԶՈՒ նոր զինանշանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը»,- տեսանյութին կից գրել է նա:

Տեսանյութում նշվում է, որ 2001 թվականին հաստատված զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ, ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման գործընթացը: Մասնավորապես, նախկին զինանշանում արծիվը պատկերված էր փակ կտուցով, ինչը զինանշանագիտությունում համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, ընկալվում անշունչ կերպար՝ հակասելով բանակի էությանը: Բացակայում էին արծվի իրանը և վերջույթները՝ ճանկերը, ստեղծելով անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անընդունելի է բանակի խորհրդանիշի համար: Նախկին զինանշանում սուրը տեղադրված էր վահանի հետևում, ինչը նույն զինանշանագիտությունում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է: Մինչդեռ Հայաստանի բանակի առաքելությունը ՀՀ ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է,- նշում է նախարարությունը: Բացի այդ, զինանշանի նախկին տարբերակում առկա էր դրոշի պատկերման կոպտագույն սխալ. այն ներկայացված էր ոչ թե մեկ ամբողջություն, այլ մասնատված էր առանձին ժապավենների կամ կտորների: Դրոշի այսպիսի աղավաղումն, ըստ ՊՆ-ի, խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն: Նոր զինանշանում արծիվը պատկերված է լիակատար կենդանի և ամբողջական մարմնավորմամբ: Կտուցը բաց է, ինչը խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք: Արծվի հետևում ոսկեգույն արև է՝ մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը: Արծվի կրծքին ոսկեգույն վահան է՝ զարդարված հայկական ութաթև արևախաչով: Արծիվն իր ձեռքերում բռնել է պատմական նշանակության զենքեր՝ ոսկեգույն սուր և Հայաստանի բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը: Զինանշանի վերևի մասում պատկերված են Հայաստանի եռագույնն ու քարտեզը՝ այն կապելով Հայաստանի հետ և ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում