ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ 9 գինեգործական ընկերության 32 տեսակի գինիները ներկայացվել են La Grande Degustation de Montreal-2019 ցուցահանդեսին

ՀՀ 9 գինեգործական ընկերության 32 տեսակի գինիները ներկայացվել են La Grande Degustation de Montreal-2019 ցուցահանդեսին

Հայաստանի գինեգործական վարկանիշի բարձրացման և հայկական գինիների արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը նախաձեռնել և իրականացնում է մի շարք միջոցառումներ Կանադայի Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ն, օրինակ, Մոնրեալ քաղաքում անց է կացվում La Grande Degustation de Montreal-2019՝ գինու և ոգելից խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին Հիմնադրամը միասնական տաղավարով ներկայացրել է 9 գինեգործական ընկերության 32 տեսակի գինի։

Գինու և ոգելից խմիչքների այս հեղինակավոր ցուցահանդեսին յուրաքանչյուր տարի մասնակցում է շուրջ 200 արտադրող ամբողջ աշխարհից, իսկ այցելուների թիվը գերազանցում է 13,000-ը։

Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի գինեգործության պատմությունն ու բացառիկ գինիները գինու հազարավոր սիրահարներին, մասնագետներին և գնորդներին։

Նոյեմբերի 4-ին էլ Հիմնադրամի և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի նախաձեռնությամբ, Օտտավայում տեղակայված ՀՀ դեսպանատանը, կկազմակերպվի հայկական գինիների շնորհանդես-համտես` տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների համար:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը հյուրերին կներկայացնի Հայաստանի գինեգործության առանձնահատկություններն ու մշակույթը, առկա ներուժն ու զարգացման հեռանկարները:

Նոյեմբերի 6-ին Տորոնտո քաղաքում նեղ մասնագիտական լսարանի համար հայկական գինիների և՛ս մեկ շնորհանդես-համտես կանցկացնի գինու առաջատար լրագրող և վարպետ (Master of Sommelier) Ջոն Շաբոն, ինչը հնարավորություն կընձեռի Կանադայի գինու գնորդներին ծանոթանալու Հայաստանի լավագույն գինիներին։

Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայքէջից: 

Հիշեցնենք, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) ստեղծվել է 2016 թ-ին՝ ՀՀ Կառավարության կողմից: Այն նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում