ԱԱրամ Մարանդյան

ՄԻՊ-ն ու Տատյանա Բովկունը քննարկել են IRZ-ի հետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

ՄԻՊ-ն ու Տատյանա Բովկունը քննարկել են IRZ-ի հետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հայաստանի և Ղազախստանի հետ ծրագրերի բաժնի ղեկավար Տատյանա Բովկունին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

 
Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։

 

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և IRZ հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով հիմնադրամի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը։

 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական անկախ մարմնի լիազորությունները, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը, ինչպես նաև զինված ուժերում, բռնի տեղահանված անձանց իրավունքների, հավաքների ազատության և այլ հիմնարար իրավունքների ոլորտները։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերներին՝ ընդգծելով ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների վտանգավոր աճը։

 

Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում գտնվող, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրներին և այլն։

 

Հատուկ քննարկման առարկա են դարձել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի և մարդու իրավունքների բովանդակության առնչությամբ տարածված ձևախեղված ընկալումները, որոնք հաճախ չեն համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին:

 

Տատյանա Բովկունը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման գործում։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու և առավել խորացնելու համագործակցությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում