ՎՎարդան Հովսեփյան

Երևանը նախապատրաստվում է քաղաքի տոնին

Երևանը նախապատրաստվում է քաղաքի տոնին

Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը. քաղաքն ակտիվ պատրաստվում է ծննդյան տոնին:

«Մի քանի կարգախոս էր քննարկվում: Ի վերջո, ընտրեցինք «Սրտումս Երևան», քանի որ քաղաքի ցանկացած բնակիչ իր սրտում ունի Երևանը: Սա նաև սիրո յուրօրինակ խոստովանություն է»,- նշել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Հետևի՛ր արևին, արի՛ Երևան». տոնը կհիշվի ու կնշանավորվի մանսուրյանական երաժշտությամբ: Մաեստրոյի ստեղծագործությունը, որը գրվել էր հատուկ պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար, արդեն ձայնագրված է: Այս օրերին նկարահանվում է նաև տեսահոլովակը:

Ռեժիսորի մտահղացմամբ՝ ստեղծագործության հնչյունները լսվում են քաղաքի տարբեր անկյուններում: Դրանք պատշգամբ են հրավիրում մշակույթի հայտնի գործիչներին, արվեստագետներին, նաև պետական ու քաղաքական դեմքերին: Տեսահոլովակում նկարահանվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքի օրն այս տարի առաջին անգամ հավասարապես կտոնեն բոլոր վարչական շրջաններում:
«Կենտրոնից միջոցառումները հանում ենք և տեղափոխում վարչական շրջաններ: Սա նշանակում է, որ հավասարապես է տոնը նշվելու»,- հայտնել է փոխքաղաքապետը:

Տոնին քիչ ժամանակ է մնացել, իսկ անելիքները դեռ շատ են: Փոխքաղաքապետը վարչական շրջաններում անձամբ է ծանոթացել նախապատրաստական ընթացքին, խնդիրներին: Հոկտեմբերի 19-ի միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից: Վարչական ամեն շրջան կներկայանա իր բնակիչներին համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Էրեբունի-Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ի երեկոյան: Ժամը 19:00-ից մինչ 22:00-ը վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր:

Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երևանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավթաշենում: Ժողովրդական երգ ու պարով ձեզ կդիմավորի Էրեբունին, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում:
Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում: Ազգագրական տրամադրությունը՝ Նորք-Մարաշում: Ռոքի հայ աստղերին լսելու համար պետք է Նուբարաշեն հասնեք, հեղինակ-կատարողներին լսելու համար՝ Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում: 22.00-ին Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում