Իսրայելի գործողությունները հարցականի տակ են դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը. Փաշինյան

Պրահայում ընթացող GLOBSEC 2025 ֆորումի շրջանակում ՀՀ վարչապետը մասնակցել է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը: Իր ելույթի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը:
«Թույլ տվեք արտահայտել մեր մտահոգությունը և դատապարտել Իրանի դեմ Իսրայելի վերջին գործողությունները։ Դա հարցականի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը, և մենք շատ մտահոգված ենք»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի դեմ իսրայելական գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»։
Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում՝ Նաթանզում, մի քանի պայթյուն է լսվել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։
Թեհրանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել, որից 35-ը՝ կանայք և երեխաներ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Իրանական Mehr և Isna գործակալությունները հաղորդել են, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին:
Times of Israel-ը նույնպես հայտնել է Բաղերիի մահվան մասին՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցչին։
Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, իսկ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար:
ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտի վրա հարձակումը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել և որևէ օգնություն չի ցուցաբերել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ գրել է. «Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել՝ Իրանի հետ բանակցություններ վարելու մասին»։
Իրանն Իսրայելին պատասխան հարվածի համար գործի է դրել 200 ինքնաթիռ, որոնք ավելի քան 330 հրթիռ են արձակել, հաղորդել է իսրայելական բանակի ներկայացուցիչը։ Վերջինիս խոսքով՝ Իրանն Իսրայելի դեմ արձակել է նաև ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաքում Իրանի միջուկային ծրագրի հարցով նախատեսվում էր անցկացնել ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը: Իսրայելի հարձակումից հետո դեռևս հայտնի չէ՝ արդյոք իրանական կողմը կցանկանա մասնակցել բանակցություններին:









