ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։

 

Գործընթացին հետևել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։

 

Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների և դիմորդների հետ՝ անձամբ գնահատելու նրանց պատրաստվածության և մոտիվացիայի մակարդակը։

 
 

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ոստիկանությունում ծառայելը պարզապես աշխատանք չէ, այլ գիտակցված ընտրություն, որը պահանջում է բարեվարքության բարձր մակարդակ և պատասխանատվություն։

 

Նախարար Սարգսյանը կարևորել է դիմորդների բազմակողմանի գնահատումը, այդ թվում՝ հաղորդակցության հմտությունները, հոգեբանական կայունությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը։

 

«Անհրաժեշտ է, որ պարեկներն ունենան տարբեր իրավիճակներում ճիշտ և արագ որոշումներ կայացնելու ունակություն՝ պահպանելով բարեկրթություն և հանդուրժողականություն»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

 

Ընտրող հանձնաժողովների կազմը ներառական է․ ներգրավված են Ոստիկանության, պետական այլ կառույցների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ և հոգեբաններ։

 

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, որը նաև ընտրող հանձնաժողովներից մեկի նախագահն է, մանրամասնել է ապագա պարեկների կողմից ոչ ստանդարտ իրավիճակներում մոտեցումների կարևորությունը, նրանց ունակություններն ու կարողությունները գնահատելու չափորոշիչները։

 

Ընդունելության գործընթացը թափանցիկ է, իսկ չափորոշիչները՝ խիստ, բայց հաղթահարելի։

 

Պարեկային ծառայությունում ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 239 տեղ, որոնցից 190-ը նախատեսված են իգական սեռի դիմորդների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում