ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ Պեկինը Չինաստանի շահերից ելնելով պետք է թույլ տա ամերիկյան ապրանքների մուտքը չինական շուկաներ:
«Չինաստանը պետք է բացի իր շուկան ԱՄՆ-ի համար, դա նրա համար շատ լավ կլինի։ Փակ շուկաներն այլևս ֆունկցիոնալ չեն», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում և ճիշտ է համարել չինական ապրանքների համար 80% մաքսատուրքերը։
Իր հերթին, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «սակագնային պատերազմը» սկսել է ոչ թե Պեկինը, այլ Վաշինգտոնը, և այժմ ամերիկյան իշխանությունները պետք է հարգանքով բանակցեն չինական կողմի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոստովանել էր, որ չինական ապրանքների համար իր սահմանած 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են և խոստացել էր նվազեցնել դրանք Պեկինի հետ առևտրային համաձայնագիր կնքելուց հետո։ Չինաստանն էլ պատասխանել էր ամերիկյան ապրանքների համար 125% մաքսատուրք սահմանելով։










